«ԱԺ նախագահն ո՞վ է, որ որոշի անձին կոչումներից զրկել. նախկինում կատարած սխրանքը վերանո՞ւմ է, ի՞նչ է, որ հերոսի կոչումից զրկում են». Անդրանիկ Փիլոյանի փաստաբան
ԱԺ նախագաh Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում խոսելով «Ազգային հերոսի» կոչում տալու ինստիտուտի մասին, ասաց, որ այն պետք է վերանայվի։
Լրագրողն Ալեն Սիմոնյանին հիշեցրեց, որ քրեական գործով անցնող Անդրանիկ Փիլոյանին իրենց իշխանությունն է «Ազգային հերոսի» կոչում տվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ եկել է ժամանակը Փիլոյանին այդ կոչումից զրկելու և վերանայելու «Ազգային հերոսի» կոչում տալու ինստիտուտը։
168.am-ն Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս թեմայի շուրջ զրուցե՞լ է իր պաշտպանյալի հետ, ի՞նչ է նա ասել։
Փաստաբանն ասաց, որ թեմայի վերաբերյալ Անդրանիկ Փիլոյանի հետ չի զրուցել և չի էլ պատրաստվում զրուցել, սակայն շատ քաղաքական դաշտ չմտնելով՝ կարող է իր կարծիքն արտահայտել։
«Նախ, ԱԺ նախագահն ո՞վ է, որ որոշի անձին կոչումներից զրկել կամ չզրկել, ո՞վ է նա։
Պատժատեսակների մեջ կա այդպիսի պատժատեսակ՝ հանցագործություն կատարած անձին կարող են զրկել պատվավոր կոչումներից, զինվորական կոչումներից և այլն։ Իսկ պատժատեսակը ե՞րբ է գործում, երբ անձին դատարանը մեղավոր է ճանաչում, հիմա թող ինձ ներեն, բայց ո՞վ է նա, որ որոշի մարդուն զրկել կոչումից։
Իրականում ես Փիլոյանի հետ չեմ խոսել, չեմ էլ խոսելու այդ թեմայով, որովհետև ես նրան երբեք չեմ հարցրել, թե ինչո՞ւ են քեզ այդ կոչումը տվել։ «Ազգային հերոսի» կոչում տալիս են հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցելու համար։ Հիմա, եթե Փիլոյանին տվել են այդ կոչումը, ուրեմն՝ կարծել են, որ նա ինչ-որ մի բացառիկ ծառայություն է մատուցել հայրենիքին։ Այդ ծառայությունը մատուցվել, ավարտվել է, հիմա դրանից հետո մարդը ենթադրյալ հանցագործություն է կատարել, նախկինում կատարած սխրանքը վերանո՞ւմ է, ի՞նչ է, որ հերոսի կոչումից զրկում են։ Նուրբ պահեր կան, որ չի կարելի։ Հերոսի կոչումից զրկելն այնքան են իջեցնում, որ կարելի է մտածել՝ հերթական լեյտենանտի կոչումն են տալիս ու զրկում»,- նշեց Տիգրան Սարգսյանը։
Ըստ փաստաբանի, այսպես չի կարելի, եթե այս պահին էլ Անդրանիկ Փիլոյանի հետ այդ թեմայով խոսի, պարզապես նրան ցավ կպատճառի, և խոսքը միայն նրա մասին չէ, այլ բոլոր հերոսների։
«Կրկնում եմ՝ կա նման պատժատեսակ նախկին և ներկայիս օրենսգրքում։ Սխրանքը, որը մարդը կատարել է, արդեն կատարել ավարտել է, չի կարելի այդքան էժանացնել հերոսի կոչում հասկացությունը, կրկնվում եմ, բայց սիրտս տրաքվում է»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանին 2020 թվականի հոկտեմբերին շնորհվել էր «Ազգային հերոսի» բարձրագույն կոչում։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին էլ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ԱԻ նախարար։
Մոտ երկու տարի անց՝ 2022 թվականի մարտի 31-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել Արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը բավարարվել էր: Քրեական գործով ևս 8 անձ ունեն՝ մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախկին նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափի կաշառք:
Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը բավարարվել էր։