«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, բայց Թուրքիային ցավակցել ու հետը սիլի-բիլի անել». Աղվան Վարդանյան

«Ես սովորաբար չեմ մեկնաբանում ՔՊ-ականների, այդ թվում՝ ԱԺ նախագահ անունով մարդու ասածները։ Խորապես համոզված եմ՝ ժամանակը կգա, և երբ նույն գործողությունները կատարվեն ՔՊ-ի հանդեպ, հասարակությունը դարձյալ որևէ բան չի անելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը։

Պատգամավորը լրագրողներին խորհուրդ տվեց իրար կողք կողքի դնել ելույթ ունեցող ՔՊ-ական պատգամավորների նկարները և գրել անունները, դրանից հետո կտեսնեն այս ամբողջ ողբերգության պատկերը։

«Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Արսենյան, Արփի Դավոյան, Վահագն Ալեքսանյան, մյուս տղայի անունն ինչ է՝ Աղազարյան Հովիկ։ Այս շարքի նկարները դրեք իրար կողքի, տեսեք՝ ովքեր են այսօր այս իշխանության դեմքերը, ներկայացուցիչները։ Երեկ էլ մի աղջիկ էր Աջապահյան սրբազանի մասին խոսում, սա սրանք են։ Եթե սրանք են Հայաստանի պատկերը, ապա ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- նշեց Աղվան Վարդանյանը։

Անդրադառնալով Թուրքիային  Հայաստանի Հանրապետության կողմից օգնություն տրամադրելուն՝ երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, Աղվան Վարդանյանը նախ հիշեցրեց, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի մասին.

Կարդացեք նաև

«44-օրյա պատերազմի ժամանակ այս մարդու մի քանի տասնյակ ասածները՝ Թուրքիայի մասնակցության մասին, նրան դատապարտող և այլն, և իր այսօրվա վարքագիծը։ Շատ բան պետք չէ ճանաչելու մարդու բնույթը և իշխանության բնույթը։

Երկրաշարժ եղավ նաև Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք ցավակցական մի բան ասեին Իրանի վերաբերյալ, սա նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել՝ տրվել են, հանձնվել են։ Նրանք պատրաստ են չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել։ Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, բայց Թուրքիային ցավակցել, ինչպե՞ս կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները և հետո սկսել սիլի-բիլի անել Թուրքիայի հետ վերջին շրջանում»,- շեշտեց Աղվան Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս