«Արցախահայերը ՀՀ ժողովրդին ու իշխանությանը տարբերակում են՝ ուղղակի իշխանական խունտան չարիքի նման կանգնած է Հայաստանի գլխին». Հաթերքի գյուղապետ
ՌԴ ՊՆ-ն երեկ պաշտոնապես հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել։ «Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը խախտման փաստով վարույթ է սկսել։
168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ասաց, որ կրակոցներ իրենց գյուղի ուղղությամբ չեն եղել։
«Ինքս նման տեղեկատվության չեմ տիրապետում, չգիտեմ, թե կրակոցների ուղղությունները որոնք են եղել։ Արցախը շրջափակելուց հետո, սա նման առաջին դեպքն է, երբ թշնամին կրակում է Մարտակերտի ուղղությամբ»,- նշեց Վարդան Գրիգորյանը։
Հաթերքի գյուղապետն անդրադարձավ նաև շրջափակման պայմաններում Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հնչեցրած տեսակետներին, մասնավորապես, վերջերս ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այն հայտարարությանը, թե 3 մլն հայությանը չպետք է զոհել հանուն 120 հազար արցախահայերի։ Վարդան Գրիգորյանի փոխանցմամբ՝ այդ հայտարարությունները, բնականաբար, բնակիչների տրամադրությունների վրա չեն ազդում, բայց բնակիչներին անհանգստացնում է նման իշխանությունների ներկայությունը։
«Այդ իշխանության հայտարարություններն արդեն անլուրջ են ամեն ձևով, նման իշխանությունները թրքամետ են, ի՞նչ ասես դրանց։ Դրանցից ամեն հայտարարություն էլ սպասելի է։ Իշխանությունը միանշանակ հրաժարվել է Արցախից, և դա նոր չէ, իրենք քանիցս հայտարարել են, որ Արցախը չեն ուզում։ Արցախահայերը Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին տարբերակում են, Հայաստանում մեծ պոտենցիալ ունենք, առողջ մասսա կա, ուղղակի իշխանական այդ խունտան է, որը չարիքի նման կանգնած է Հայաստանի գլխին։ Այդ իշխանությունը միայն Արցախից չէ հրաժարվել, հետո հրաժարվելու է Սյունիքից, թքած ունի երկրի վրա, նա ինչ գիտի՝ ինչ է մարտական ոգին, որևէ անգամ չեն կռվել։ Նման իշխանությունը որքան շուտ փոխվի, այնքան Հայաստանի բախտը կբերի»,- շեշտեց Վարդան Գրիգորյանը։
Հաթերքի գյուղապետի խոսքով՝ այսօր հարցն արդեն Արցախին չի վերաբերում, վտանգը հասել է արդեն Հայաստանին, և հարց է առաջանում՝ մի՞թե ժողովուրդը չի հասկանում՝ ինչ է լինելու, ինչո՞ւ են լռում, ինչի՞ն են սպասում։
«Իշխանության դիրքորոշումը մեզ հայտնի է, հասկանալի է, բայց ժողովրդի պահվածքն անհասկանալի է, մինչև ե՞րբ են ուզում լռեն ու այդ իշխանությանը թողնեն, որ ամբողջը կործանի, տա թուրքին։ Մոռացե՛ք, հայն ու թուրքը չեն կարող իրար հետ բարեկամություն անել, պատմության մեջ նման դեպք ե՞րբ է եղել, նա հային միշտ էլ կօգտագործի։ Հավատացեք, սա բոլորիս խնդիրն է, բոլորիս, երբ մարդկանց հետ խոսում ենք, մեծ մասն այս խունտային դեմ է, բայց ցավոք, քայլ չի անում։ Լավ, ենթադրենք՝ Արցախը կորցրեցինք, մտածե՞լ են՝ ինչի է լինելու Հայաստանի հետ»,- շեշտեց Վարդան Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։
Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել մի քանի տասնյակ հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։