Ինչքան էլ քարոզչական բաղադրիչ լինի, այնուամենայնիվ, իրենք իսկապես պատրաստվում են ինչ-ինչ ռազմական գործողությունների. ռազմական փորձագետ
Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարն օրերս հայտարարել է մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու համատեղ ծրագրի մասին։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նկատեց, որ սա Հայաստանի վրա ճնշում գործադրելուց զատ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմական նախապատրաստության առօրյա աշխատանք է:
«Ինչքան էլ այստեղ քարոզչական բաղադրիչ լինի, այնուամենայնիվ, առաջնայինն այն է, որ իրենք իսկապես պատրաստվում են ինչ-ինչ ռազմական գործողությունների: Ընդ որում, դա արվում է պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո (իրենք զորավարժություններ էին անում և՛ 2021 թվականին, և՛ 2022 թվականին):
Չնայած Փաշինյանի վարչակարգն անընդհատ խաբում է, փորձում խաղաղության պատրաստության պատրանքներ ստեղծել, բայց Ադրբեջանը բացեիբաց թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների մակարդակով որևէ կերպ խաղաղության չի պատրաստվում»,- մանրամասնեց նա:
Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս պետք է այս իրավիճակում դիրքավորվեր Հայաստանի իշխանությունը՝ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ՀՀ ներկայիս իշխանության եղած թիմին չի ընկալում որպես ՀՀ իշխանություն, որովհետև տպավորություն ունի, թե նրանց բոլոր գործողությունները բխում են ՀՀ թշնամիների շահերից և ոչ թե ՀՀ շահերից:
«Այսինքն՝ ամեն կերպ, ամեն իրենց քայլով թուլացնում են ՀՀ զինված ուժերը, խոսում են Ցեղասպանության վտանգների մասին, բայց որևէ բան չի արվում դա կանխելու համար, ընդհակառակը՝ էլ ավելի ենք թուլանում:
Դրա համար ես իրենց դիտարկում եմ՝ որպես ՀՀ-ում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգ»,- հավելեց ռազմական փորձագետը: