«Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն». գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի փետրվարի 4-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզկենտրոն Արմավիր համայնքում:

Աննա Վարդապետյանը մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը, մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:

Գլխավոր դատախազը, կարևորելով մարզային դատախազության գործունեությունը, շեշտել է, որ գլխավոր նպատակը արդյունավետ աշխատանքի կազմակերպումն ու քաղաքացիների համար անվտանգ և իրավական միջավայրի ձևավորումն է: «Այս առումով ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ, հաճախակի դարձնել մեր ապագա քաղաքացիների հետ շփումներն ու զրույցները՝ հասկանալու համար, թե ինչ պատկերացում ունեն նրանք իրավական համակարգի և օրինականության վերաբերյալ», – նշել է Աննա Վարդապետյանը:

Անդրադառնալով գործընկերների հետ աշխատանքի սկզբունքներին՝ գլխավոր դատախազն ընդգծել է. «Աշխատանքում մոտեցումս ու պահանջներս հստակ են՝ նվիրվածություն սեփական մասնագիտությանը, «ո՛չ» ասելու կարողություն, սկզբունքայնություն և ազնվություն: Ազնվություն՝ առաջին հերթին ինքդ քեզ հետ: Շատ պարզ սկզբունքներ են, որոնց վրա էլ Դատախազությունում կառուցված են աշխատանքն ու մասնագիտական առաջխաղացումը: Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Արմավիրի մարզ և վստահություն հայտնել, որ մարզային իշխանության և մարզի իրավապահ մարմինների միջև հաստատված փոխգործակցությունը կնպաստի Արմավիրում օրինականության ամրապնդմանը։

Մարզի դատախազ Վահան Սարգսյանը վստահեցրել է, որ սեղմ ժամկետներում կանեն հնարավորը՝ չափելի արդյունքներ գրանցելու համար։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է նաև Արմավիրում մինչև տարեվերջ ներդրվող Պարեկային ծառայության գործընթացին՝ կարևորելով ծառայության դերը՝ իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից: Ինչպես մյուս մարզերում, այստեղ ևս Վարդապետյանը Դատախազությանը հանձնարարել է աջակցել ծառայության ներդրմանը՝ ընդգծելով, որ Արմավիրի մարզում նոր ձևավորվող կառույցը պետք է ունենա Դատախազության խիստ, բայց գործընկերային մոտեցումը։ Խորհրդակցության երկրորդ մասում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների պատճառները, Կառավարության օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո համայնքային շահի պաշտպանության համատեքստում իրականացվելիք իրավական գործընթացները:

Հանդիպման ավարտին քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ:

Տեսանյութեր

Լրահոս