«ՀՀ-ին մահապարտներ են պետք, որոնք թքած կունենան սեփական ընտանիքի բարօրության վրա և կմտածեն երկրի և բանակի հզորության մասին». Միքայել Աջապահյան

«Բերձորի միջանցքը Ադրբեջանի ձեռքին միշտ հաղթաթուղթ է եղել և հիմա էլ շարունակում է մնալ, մեր տկարության, մեր թուլության և մեր ապիկարության պատճառով»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր ռազմական լրջագույն հարց է լուծում:

«Ես նայում եմ Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ քաղաքականությանը և ամաչում եմ, թե ինչ գրագետ են գործում Ադրբեջանը և Թուրքիան միասին, գրագետ են գործում տասնամյակներ շարունակ, իսկ մենք ապիկար, անտրամաբանական միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել և մենք տարուբերվում ենք առավելապաշտության և նվազապաշտության միջև:

Սկսում ենք՝ «Պայքար-պայքար մինչև վերջից»-ից և հասնում ենք ծայրահեղ մինիմալիզմի: Ինչպես Գուրգեն Արսենյանը նշեց՝ 120.000-ին տանք, որ փրկենք 29.800 քառակուսու վրա 3 միլիոնը, դա ծայրահեղ մինիմալիստական մոտեցում է»:

Կարդացեք նաև

Միքայել Աջապահյանն ասաց՝ լրջագույն կասկած ունի, որ Բերձորի ճանապարհի փակումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների գաղտնի համաձայնությամբ.

«Հետո կբացահայտվի երևի: Սա պետք է քանդել, սա պետք է բացել»:

Ամփոփելով ելույթը՝ Միքայել Աջապահյանն ասաց, որ երկիրն այս ծանր վիճակից հանելու համար մեզ մահապարտներ են պետք, բայց ոչ միայն մարտի դաշտում.

«Մահապարտն այն մարդն է, որն անձնական կյանքի վրա թքած ունի և իր համար կարևորը հայրենիքի բարօրությունն է, եկեղեցու բարօրությունն է: Այո՛, մենք մահապարտներ ենք, կուսակրոնները եկեղեցու մահապարտներն են, և եթե եկեղեցին 1700 տարի տարբեր փորձությունների միջով անցնում է, ապա այդ մահապարտների շնորհիվ է:

Այսպիսի մահապարտներ են պետք Հայաստանի Հանրապետությանը, Ազգային ժողովին, Կառավարությանը, որոնք թքած կունենան սեփական ընտանիքի բարօրության վրա և կմտածեն այս երկրի և բանակի հզորության մասին: Եթե դա ունեցանք՝ Լաչինի միջանցքն էլ կբացվի, Արցախն էլ կդառնա Հայաստանի Հանրապետության անբաժան և անքակտելի մաս»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս