«Արցախահայերը ձախողել են ոչ միայն Ալիևի, այլև՝ Փաշինյանի պլանները». Դավիթ Գալստյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակման 53 օրերի ընթացքում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ավելի շատ են խոսել միջազգային հարթակներում, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից սկսած:
«Ալիևն ասում էր, որ Արցախի հիմնախնդիրը փակ է, չկա արցախյան հարց, և, որ 44-օրյա պատերազմի ընթացքում լուծել է այդ հարցը, ցավոք, Հայաստանի օրվա իշխանություններն էլ համաձայնվել և համակերպվել էին Ալիևի այդ մտքի հետ, բայց այսօր նրանց պլանները ձախողվեցին, և նրանք հասկացան, որ արցախահայությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և չի համակերպվելու համատեղ բնակեցման իրենց իսկ մշակած ծրագրի հետ: Զրկանքների ենթարկվելով՝ պատրաստ ենք համայն աշխարհին ցույց տալ, որ Արցախը անկախ է, ինքնորոշման իրավունքից չի հրաժարվել, և անկախ նրանից, դա լինի Ալիև, Նիկոլ, թե միջազգային հանրության որևէ ներկայացուցիչ, պետք է համաձայնեն և փաստը արձանագրեն, որ արցախահայությունն իր ինքնորոշման իրավունքը մինչև անկախության միջազգային ճանաչումը տեր է կանգնելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դավիթ Գալստյանը նկատեց. «Արցախահայերը ձախողել են ոչ միայն Ալիևի, այլև՝ Փաշինյանի պլանները: Նրանք մտածում էին, որ արցախահայությունը կընկճվի, իրենց առջև դրած ծրագիրը վերջնականապես կյանքի կկոչեն, բայց քանի որ արցախահայությունը ցույց տվեց, որ մենք կառչած ենք մեր հայրենի հողից, մեր հայրենիքը մեզ համար աճուրդի ենթակա չէ, շատերի պլանները ձախողվեցին, այդ թվում՝ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի»:
Նրա խոսքով՝ Արցախի շրջափակման 53 օրվա ընթացքում Հայաստանի իշխանությունները խորհրդարանական մակարդակով որևէ կերպ կապի դուրս չեն եկել Արցախի խորհրդարանի հետ, չեն քննարկել իրավիճակը և չեն փորձել համատեղ լուծումներ գտնել. «Եթե սա Արցախից հրաժարվել չէ, ուրիշ ի՞նչ կերպ բացատրենք: Արցախի իշխանություններն այսօր պետք է պահանջատեր լինեն ՀՀ իշխանություններից, և ոչ միայն ֆինանսական առումով, այլ նաև գործնական քայլեր պարտադրեն Հայաստանի իշխանություններին, որպեսզի չլինի այն նույն պատկերը, ինչ եղավ 44-օրյա պատերազմի ընթացքում: Եթե արցախահայությունը, այս զրկանքները կրելով, վերջնակետին չկարողանա մոտենալ, այն է՝ Արցախի ինքնորոշման հարցը, և այս զրկանքները կրելով՝ նորից պարտություն արձանագրենք դիվանագիտական դաշտում, այն է՝ ընդունել Ադրբեջանի պայմանները, դա մեզ համար հերթական պարտությունը կլինի: Եթե չօգնեն Հայաստանի իշխանություններն այս հարցում, այդ պարտությունը շատ ավելի հավանական է: Հուսով եմ, որ Արցախի իշխանությունները կկարողանան համոզել կամ պարտադրել Հայաստանի իշխանություններին, որ կարողանանք այս իրավիճակը հաղթահարենք: Հակառակ դեպքում՝ Արցախի իշխանությունները պետք է պահանջեն Հայաստանի իշխանությունների հրաժարականը, քանի որ Հայաստանի իշխանությունները 120 հազար հայից հրաժարվում են, չեն աջակցում, որ 120 հազար հայ ապրեն իրենց հայրենիքում: Ես համոզված եմ, որ հայ ազգի մեջ շատ կարող ուժեր կան, որ այսօր կարող են համախմբել Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը և այս խնդիրները հաղթահարել: Իսկ այսօրվա իշխանություններն առ այսօր պառակտիչ գործողություններով են զբաղված»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում