ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է աննախադեպ հարկեր՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե երկուսուկես անգամ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցանիշները։ Ողջ տարվա ընթացքում և տարվա ամփոփ տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանել է երկրի առաջին հարկատուի կարգավիճակը՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ։
2022 թ. ընկերությունը վճարել է 144 մլրդ դրամի հարկ` նախորդ տարվա 61մլրդ դրամի համեմատ։ ԶՊՄԿ վճարած հարկերը գերազանցում են խոշոր հարկատուների ցուցակում իրեն հաջորդող 4 ընկերությունների վճարած հարկերը միասին։
Ընկերությունը շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը։ ԶՊՄԿ-ում 2023 թ. հունվարի դրությամբ աշխատում է 4607 մարդ, որից 2481-ը Քաջարան համայնքի բնակիչներ են, 1629-ը՝ Կապանի։ Միայն վերջին տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 504 մարդ, այդ թվում Կապանից՝ 192, Քաջարանից՝ 216 մարդ, որոնցից 45-ը՝ նոր զորացրված երիտասարդներ։
Հարկային տարվա ցուցանիշներն ամփոփելով` ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշել է. «Այս աննախադեպ ցուցանիշն ունի երկու բացատրություն՝ նախ մետաղների գների բարձր մակարդակը և հարկման նոր ռեժիմը։ Իսկ երկրորդ պատճառը ընկերության կառավարման ընթացակարգային և վարչարարության բարելավումն է։ Ամեն դեպքում՝ անհնար է թերագնահատել ԶՊՄԿ-ի դերը մեր տնտեսության համար»։
Հանքագործների միության նախագահն ընդգծել է, որ ոլորտը լուրջ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա․ «Ընդհանուր առմամբ անցյալ տարի մետաղական օգտակար հանածո արդյունահանող մի քանի կազմակերպություններ վճարել են ավելի քան 203 մլրդ դրամի հարկ։ Ներդրումն ահռելի է, բայց ոլորտն ունի և’ քանակական, և’ որակական աճի կարիք։ Մեր բոլոր ջանքներն ուղղված են թե’ ԶՊՄԿ-ում, թե’ ոլորտում բարեփոխումների միջոցառումների հետևողական ներդրմանը՝ ձգտելով տեսնել հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում մոդեռնիզացիայի, մրցունակության և կայուն զարգացման դրական անշեղ դինամիկա»։