«Իշխանությունն աշխատում է ժողովրդի մեջ արմատավորել մտայնություն, թե մենք անզոր ենք, պետք է հնազանդվենք. Դա կեղծ քարոզչություն է». Գրիգոր Ջանիկյան
«Ես հայոց բանակի սպա եմ, ես հայոց բանակի հաղթարշավի՝ Արցախի ազատագրության պատմագիրն եմ, ես հայ զինվորին հավատում եմ: Թշնամին կարող է ամեն ինչը կոտրել, նսեմացնել, բայց հայ զինվորի ոգին, կամքը, հայրենանվիրումը չի կարող ընկճել»,- 168.am-ի հետ զրույցում Հայոց բանակի օրվա մասին իր մտորումներն այսպես սկսեց գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:
Գրիգոր Ջանիկյանը հավատում է՝ բանակը ամրապնդվելու է և իրականացնելու է ժողովրդի բոլոր նվիրական երազանքները:
«Բոլոր իշխանությունները կգան ու կանցնեն, իսկ ժողովրդի կամքը, հայրենանվիրումն անառիկ կմնա. մեր ժողովուրդը կրել է և՛ 1915 թվականի Ցեղասպանությունը, և՛ Ստալինյան բռնապետությունը, բայց ոգին, հայրենանվիրումն անառիկ է մնացել: Այդ անառիկությանն եմ ես հավատում,- նշեց նա, ապա անդրադառնալով իշխանամերձ շրջանակների պնդումներին, թե Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել՝ շեշտեց,- Ես եղել եմ բանակում, ես այդ բանակի կամքի, ուժի, հաղթանակների ականատեսն ու վկան եմ եղել:
Այո՛, այժմ կա իշխանության մտայնություն, և այդ մտայնությունն աշխատում են արմատավորել ժողովրդի մեջ, որ մենք թույլ ենք, տկար ենք, անզոր ենք, պետք է հնազանդվենք, համակերպվենք, թշնամուն ընդառաջենք: Դա կեղծ քարոզչություն է»:
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը, ՀՀ ԶՈւ 31-րդ տարեդարձը։ 1992թ. այս օրն ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարարության մասին հրամանագիրը, ՀՀ տոնացույցում հունվարի 28-ը ներառվեց 2001 թվականի հունվարի 6-ին: