Փաշինյանին ենթակա ՊՊԾ-ում ծառայողները 8.6 միլիոն դրամի չափով լրավճար կստանան

Կառավարությունը հերթական անգամ չզեկուցվող հարցով ավելացրել է ուժային կառույցներում աշխատող և պաշտոնյաների անվտանգությունն ապահովող ծառայողների համար ֆինանսական հատկացումների չափը. այս անգամ խոսքը վերաբերում է Պետական պահպանության ծառայության զինվորական ծառայողներին. նրանց համար կսահմանվի լրավճար, ինչը մինչև հիմա չի եղել։

Նշենք, որ այս փոփոխությունը կառաջացնի շուրջ 8.6 մլն դրամ գումարի չպլա­նա­վոր­ված լրացուցիչ ծախս բյուջեից։

Ուշագրավ է, որ Արմեն Աբազյանի ղեկավարած կառույցում առաջարկել են ՊՊԾ-ի զինվորական ծառայողների համար նախատեսել լրավճար, սակայն չեն ներկայացրել դրա համար անհրաժեշտ հիմնավորումները։

ՊՊԾ զինվորական ծառայողների համար լրավճարներ սահմանելու նախագծի վերաբերյալ առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը, ըստ որի, նախագծին կից հիմնավորման մեջ բացակայում են լրավճարներ սահմանելու նախա­ձեռ­նու­թյամբ հանդես գալու համար հիմք դարձած վերլուծությունները և հիմնավորումները:

Կարդացեք նաև

Ավելին՝ ներկայացված չէ դա ընդունելու անհրաժեշտությունը հիմ­նա­վորող որևէ փաստարկ, ինչի արդյունքում հնա­րավոր չէ լիարժեք գնահատել նախագծով առաջարկվող կարգավո­րում­ների անհրաժեշտությունը և նպատակադրումը:

Չնայած Ֆինանսների նախարարության առարկությանը, նախագիծն ընդունվել է և 8.6 միլիոն դրամով բյուջեն ծանրաբեռնվել է պաշտոնյաների անվտանգությամբ զբաղվող ՊՊԾ ծառայողների համար։

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 24-ին Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված, ինչպես միշտ, չզեկուցվող հարցերից մեկով ընդունվեց Պետական պահպանության ծառայությունը Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու և Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ որպես առանձին մարմին դարձնելու նախագիծը։

Իսկ Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ՊՊԾ-ն ուղիղ Փաշինյանի ենթակայության տակ դնելու անհրաժեշտությունը պատճառաբանեց, թե անվտանգության ապահովման կարողությունները բարձրացնելու նպատակով է արվում և հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը մինչև 100 տոկոս բարձրացնելու վրա:

Տեսանյութեր

Լրահոս