«Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. իրենց շատ ծանր քննություններ են սպասվում». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ներքին կայունությունն ու արտաքին անվտանգությունը տվել է թշնամուն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան զուգորդված և առանց հակասությունների են խոսում Նիկոլը և, իր իսկ բնորոշմամբ՝ իր կիրթ և կառուցողական ընկեր Ալիևը, միանգամից դժվար չէ կռահել, թե այս մարդիկ ուր են տանում հայկական երկու պետականությունների ճակատագիրը: Հայաստանի իշխանություն կոչվածը ոչինչ չի անում Արցախի և արցախահայության համար, ինչպես ոչինչ չի անում այն զինվորների համար, ովքեր ծառայում են Հայաստանի սահմանին, ինչպես ոչինչ չի անում սյունեցիների, Ջերմուկում բնակվող Հայաստանի քաղաքացիների համար:

Նիկոլի համար մեկ տրամաբանական շղթա կա, որի մեջ ինքն ապրում է և բոլորիս ուզում է ներքաշել այդ շղթայի մեջ, օրինակ՝ ՀՀ սուվերեն տարածքով անցնող Գորիս-Կապան ճանապարհն ինքը տվեց ադրբեջանցիներին, որովհետև Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները կառուցել էին այդ ճանապարհը, ուրեմն՝ մեղավոր էին կառուցողները:

Ինքը Ջերմուկը հայաթափեց և դարձրեց առաջնագիծ, որովհետև Ջերմուկը շենացրել էին: Արցախը հիմա ինքը հանձնում է, որովհետև մենք Արցախը ազատագրել ենք: 120 հազար արցախցիներ հիմա մատնված են սովի և ցրտի, որովհետև այն ժամանակ բարեկեցիկ էին ապրում: Մեր զինծառայողներին ինքը գետնախորշերի մեջ է տեղավորել, ողջ-ողջ այրեց այդ մարդկանց, որովհետև մենք բանակ ենք ունեցել: Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ այրվողներն են մեղավոր, գերի ընկնողներն են մեղավոր, մահացողներն են մեղավոր, և, վերջիվերջո, ամեն ինչում մեղավոր են հայերը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Աննա Մկրտչյանի խոսքով՝ գործող իշխանությունները զավթել են երկիրը. «Նրանք փորձում են ՀՀ-ն դարձնել աշխարհաքաղաքական շահերի բախումների կիզակետ: Իրենք խնդիր չեն տեսնում, որ, օրինակ՝ Հայաստանի մի մարզում ՌԴ խաղաղապահը կկանգնի, իսկ մյուս մարզում կկանգնի մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքի զինվորը, որովհետև իրենց համար նորմալ է, որովհետև եթե այդ երկու մարզերի բաժանման արդյունքում Նիկոլի աթոռն ավելի կկայունանա, ինքը դրան էլ կգնա»:

Հարցին՝ Ձեր խոսքից դատելով՝ Հայաստանի իշխանությունները ոչ միայն Արցախից են հրաժարվել, այլ նաև Հայաստանն են սակարկման առարկա դարձրել, նա պատասխանեց.

«Դա պարզ չէ՞: Երբ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրում էր, որ ФСБ ծառայություն պետք է ՀՀ ճանապարհը հսկի, դա պարզ չէ՞ր: Երբ Փաշինյանն ասում է՝ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չեմ անի, հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ համար ես պատրաստ պատերազմել՝ միայն քո փողի, քո իշխանության, քո ախրաննիկների և մի քանի ամիսը մեկ փոխվող թանկարժեք մեքենայի համա՞ր:

Նիկոլ Փաշինյանը դեմ է այն ամենին, ինչը խոսում է ՀՀ շահերից, և կողմ այն ամենին, ինչը կապահովի այդ քառամիասնությունը՝ իր իշխանության, ախրաննիկների, փողի և թանկարժեք մեքենաների տեսքով»:

Անդրադառնալով իր դեմ իրավապահ մարմինների գործողություններին՝ Աննա Մկրտչյանը հետևյալն ասաց.

«ՀՀ-ում ոչ թե Քննչական կոմիտեն և իրավապահ համակարգը մանիպուլացնում են տեղի ունեցածը, այլ գրում են բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Իհարկե, սրանք հետագայում շատ ծանր քրեական գործերի են վերածվելու:

Օրինակ՝ ԱԱԾ ահաբեկչության բաժնի պետը հիմա իմ ծննդականի հարցն է քննում, ատեստատիս հարցն է քննում: Բայց իրենք՝ որպես իրավապահ համակարգի մարմին, այնքան խղճուկ են, որ իրենց թվում է՝ ես չգիտեմ, որ ԱԺ պատգամավոր դառնալուս հաջորդ օրն իրենք հարցում են արել ՌԴ իրավապահներին և այդ հարցման պատասխանը ստացել են: Ուղիղ մեկ տարի ԱԱԾ-ն ինչո՞ւ այդ հարցումը չի հրապարակում, ինչո՞ւ չի ասում, թե Աննա Մկրտչյանի հետ կապված ինչ են պատասխանել:

Ես իրենց խոստանում եմ, որ այս քրեական գործերը չեն կարող ավարտվել ուղղակի կարճմամբ կամ հանցակազմի բացակայությամբ, որովհետև շատ ծանր քննություններ է սպասվում իրենց՝ շատ երկարատև քրեական գործերի շրջանակներում: Ինչ վերաբերում է իմ ազդանշան տալուն՝ «սիգնալ» տրամաբանության մեջ, որովհետև Փաշինյանը 2018 թ. ասում էր՝ եթե դեմ ես, սիգնալ տուր, հիմա ես սպառելով բոլոր հնարավոր միջոցները, անգամ իր դեմքին ասելու, որ ինքը դավաճան, կապիտուլյանտ է, պատերազմից հետո միշտ արտահայտում եմ, որ դեմ եմ և «սիգնալ» եմ տալիս իրեն: Դա շարունակելու եմ անել: Քանի որ ինքը հատուկ վերաբերմունք ունի իմ հանդեպ, պետք էր հատուկ կերպով Վահե Ղազարյանին՝ իր բաժակի ընկերոջը, հարսանիքների ընկերոջը, քեֆերի ընկերոջը, ում հետ գնացել է քեֆի անգամ այն օրը, երբ 15 զինծառայող են ուղղակի իրենք խորովել, անգամ դա իրենց չի խանգարել իրենց երկրամասում քեֆ կազմակերպելուն, հանձնարարություն է տվել, որ մեքենաս տանեն: Եթե Նիկոլի տերերի հորինած հեքիաթը, թե իբր Հայաստանը ժողովրդավար է, քանդելու համար անհրաժեշտ է, որ մեր իրավունքները մնան փլատակների տակ, թող մնան, որովհետև այդ կեղծիքի համար էլ է պատասխանատվության ժամը գալու»:

Աննա Մկրտչյանն ընդգծեց, որ իրականությանը չի համապատասխանում Քննչական կոմիտեի այն հայտարարությունը, թե իր մեքենայով քաղաքացու են վրաերթի ենթարկել. «Որևէ քննչական գործողություն չի կատարվել, չի կատարվում, և թույլ տվեք կռահել, որ չի էլ կատարվելու, որովհետև դե, հիմա մի բան է ասել էդ խելագարը, այդպես էլ պետք է անեն: Ասեմ ավելին, քննիչներ կան, ովքեր այդ գործից հրաժարվել են:  Այդ դեպքը ուղղակի չի եղել, հասկանո՞ւմ եք: Մեքենաս դեռ ինձ մոտ չէ, ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել: Ես խոստացա, չէ՞, որ շատ երկար պրոցես է լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս