ՀՀ-ում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսության զարգացման ընթացքում բարձր տնտեսական աճեր են արձանագրվել հիմնականում կապիտալի (առավելապես արտաքին դրամական փոխանցումների) զուտ ներհոսքի համեմատաբար մեծ ծավալների արձանագրման դեպքում։Այդ պայմաններում, տնտեսական աճին առավելապես նպաստել են «ոչ արտահանելի» ճյուղերը, որոնց աճը սովորաբար կայուն չէ, իսկ «արտահանելի» ճյուղերի աճը եղել է համեստ և տնտեսական աճին քիչ նպաստող: Արդյունքում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ՝ որոշ տարիների դառնալով տնտեսական անկման կամ աճի կտրուկ դանդաղման պատճառ:
  • Միջերկրային համեմատությունները ցույց են տալիս, որ «արտահանելի» ճյուղերի՝ գյուղատնտեսության և արդյունաբերության մասնաբաժնի կրճատումը և «ոչ արտահանելի» ճյուղերի՝ մասնավորապես ծառայությունների մասնաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել ճգնաժամերի նկատմամբ այդ երկրների դիմադրողականության անկման:
  • 2022 թվականին, ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում կտրուկ ակտիվացել է դեպի ՀՀ կապիտալի և մարդկային ռեսուրսի ներհոսքը, ինչը մի կողմից դրական ազդեցություն է ունեցել տնտեսական ակտիվության վրա, մյուս կողմից հանգեցրել է ՀՀ դրամի զգալի արժևորմանը:Այս գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի վատթարացում, այսինքն՝ աճում են «ոչ արտահանելի» ճյուղերը (ծառայությունները, առևտուրը, ֆինանսական հատվածը), իսկ «արտահանելի» հատվածը բախվում է լուրջ խնդիրների (արտահանման եկամուտների նվազում, ներքին արտադրողների՝ ներմուծողների համեմատ մրցունակության նվազում):
  • ՀՀ-ում իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության մասով առավել ակտիվ է ԿԲ քաղաքականությունը, որն առավելապես թիրախավորում է գնաճի զսպումը, իսկ դրամի կապիտալի ներհոսքի բացասական ազդեցությունների չեզոքացման ուղղությամբ նշանակալի քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ վերջինս «օգնում է» գնաճի զսպման նպատակին հասնելուն:

    Այնուամենայնիվ, դրամավարկային քաղաքականության գործիքի կիրառման դեպքում անհրաժեշտ է չափազանց «զգույշ» լինել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն անխուսափելիորեն զսպող ազդեցություն է ունենում ամբողջական պահանջարկի այնպիսի բաղադրիչների վրա, ինչպիսիք են սպառումը և ներդրումները, որոնց կրճատումը ցանկալի չէ՝ հաշվի առնելով նախորդ տարիների տնտեսական անկումից տնտեսության վերականգնման անհրաժեշտությունը։
  • Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ հարկաբյուջետային քաղաքականության դերը պետք է ավելի ակտիվ լինի:Մասնավորապես, անհրաժեշտ է հարկային քաղաքականության գործիքներով բարձրացնել «գերտաքացող» ոլորտների հարկային բեռը (օրինակ՝ շրջանառության հարկի շեմի վերանայում, պրոգրեսիվ եկամտային հարկի ներդրում, ֆինանսական ոլորտում հարկային բեռի ավելացում և այլն), որի արդյունքում գոյացած լրացուցիչ պետական ռեսուրսները ուղղել իրավիճակից տուժող ոլորտներին թիրախային աջակցության տրամադրմանը:
  • Անհրաժեշտ է նաև հավաքագրել լրացուցիչ ռեսուրսները տնտեսությունից և ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը և մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը:Այդպիսի միջոցառումներ կարող են լինել խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրականացումը, արտաքին պետական պարտքի մարումը: Խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրագործումը կնպաստի երկրում ենթակառուցվածքների զարգացմանը, հետևաբար՝ նաև արտադրողականության աճին, իսկ արտաքին պարտքի մարումը կնպաստի մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը և հարկաբյուջետային քաղաքականության հնարավորությունների մեծացմանը: Այս գործոնները կկարևորվեն կապիտալի զուտ ներհոսքի նվազման պայմաններում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ.

«ԼՈՒՅՍ» տելեգրամ ալիք

 

Տեսանյութեր

Լրահոս