Համաշխարհային տնտեսական աճն ամենացածրն է վերջին տասնամյակի ընթացքում. ՄԱԿ

2022 թ.-ին մի շարք լուրջ և միմյանց ազդեցությունն ուժեղացնող ճգնաժամերի համադրությունը՝ համավարակը, Ուկրաինայի հակամարտությունը և դրանով պայմանավորված պարենային ու էներգետիկ ճգնաժամերը, կտրուկ գնաճը, պարտքային բեռի ծանրացումը և արտակարգ իրադրությունը կլիմայի բնագավառում, նվազեցրել են տնտեսական աճի ցուցանիշները, նշվում Է 2023 թ.-ի համաշխարհային տնտեսության իրավիճակի և հեռանկարների մասին ՄԱԿ-ի զեկույցում: Այս մասին  տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը:

«Այս ֆոնին կանխատեսվում է, որ համաշխարհային արտադրության աճը 2022 թ.-ի 3,0 %-ից կդանդաղի՝ 2023 թ.-ին հասնելով 1,9 %-ի, որը կդառնա վերջին տասնամյակների ընթացքում աճի առավել ցածր տեմպերից մեկը», – հայտարարել է կազմակերպությունը:

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության կանխատեսումներով՝ հաջորդ տարի համաշխարհային տնտեսական աճը կհասնի 2,7 %-ի, եթե աճը խոչընդոտող գործոնները մեղմանան:

Համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վրա զգալի ազդեցություն կունենան դրամավարկային քաղաքականության հետագա խստացման տեմպերն ու հաջորդականությունը, Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքն ու հետևանքները, ինչպես նաև մատակարարումների շղթաներում հնարավոր հետագա խափանումները, կարծում են կազմակերպության փորձագետները։

Դրա հետ մեկտեղ, դեռ անցյալ տարի նրանք հայտարարել էին համավարակից հետո համաշխարհային տնտեսության կայուն վերականգնման և վերջին 40 տարվա ընթացքում աճի ամենաբարձր տեմպերի մասին, որը 2021 թ.-ին կազմել էր 5,8 %։ 2022 թ.-ի համար կանխատեսվում էր 4 %-անոց տնտեսական աճ, սակայն Ուկրաինայում ռազմական գործողությունները փոխեցին ամեն բան՝ դառնալով ճգնաժամի բռնկման առանցքային գործոն։

Դա, ի թիվս այլ բաների, խաթարեց էներգետիկ և պարենային ապրանքների գործող շուկաները և մեծացրեց գնաճի տեմպերը:

Զեկույցում նշվում է, որ համաշխարհային գնաճը, որը 2022 թ.-ին հասել է տասնամյակների ընթացքում առավելագույն 9 %-ի մակարդակի, 2023 թ.-ին կնվազի, բայց կմնա 6,5 % բարձր մակարդակում։

Ճգնաժամի երկրորդ կարևոր գործոն դարձան կլիմայական աղետները, որոնք հսկայական վնաս հասցրեցին մոլորակի տարբեր տարածաշրջաններում և առաջացրեցին հումանիտար ճգնաժամեր։

Զարգացած երկրների համար ՄԱԿ-ը կանխատեսում է 0,4 %-ի մակարդակով տնտեսական աճ 2023 թ.-ին և 1,6 %-ի աճ 2024 թ.-ին։ ԵՄ-ի տնտեսության աճն, ըստ այդ կանխատեսումների, այս տարի կկազմի 0,2 %, իսկ հաջորդ տարի՝ 1,6 %։

Զարգացող երկրների տնտեսությունն այս տարի կաճի 3,9 %-ով, իսկ 2024 թ.-ին՝ 4,1 %-ով, ակնկալում են զեկույցի հեղինակները։ Ռուսաստանի տնտեսությունը, ըստ նրանց կանխատեսումների, 2023 թ.-ին կնվազի 2,9 %-ով, իսկ 2024 թ.-ին՝ 1,5 %-ով։

Տեսանյութեր

Լրահոս