Բաժիններ՝

Կբարձրացվի ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՃՏՊ-ների նվազեցմանը, կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության բարձրացմանը, ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր տեխնիկական միջոցների կիրառմանը նպաստելու համար: Արդյունքում՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։

Կառավարության՝ հունվարի 26-ի նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նման որոշումների նպատակն է անընդհատ թարմացնել նորմատիվ-իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ:

«Այս որոշման նախագիծը նաև վերաբերում է ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհներն անվտանգության տեխնիկական կանոնակարգերը համապատասխանեցնելուն: Նաև մի շարք կարգավորումների որոշակի թարմացումների կարիք կա: Այս փաթեթները մշակելիս աշխատել ենք ՆԳՆ և այլ գործընկերների հետ»,- ասել է նախարարը:

Ըստ նախարարի՝ առաջարկվում են մի շարք փոփոխություններ և կարգավորումներ՝ խաչմերուկներում խցանումներից խուսափելու, անցուղիները հետիոտների համար ավելի անվտանգ դարձնելու համար:

«Կան 5 փաթեթով փոփոխություններ, որոնցից առաջինը ճանապարհային նշանների կարգավորումն է: Օրինակ՝ նոր նշաններ, որոնցից անկյունագծային «հետիոտնային անցում» նշան դրվում է, երբ որևէ խաչմերուկում ժամում 900 մարդուց ավելի շարժ կա: Կլինեն նոր նշաններ էլեկտրոմոբիլների համար ևս»,- նշել է Գնել Սանոսյանը:

Աշխատանքներ են տարել նաև «զիջելու» և «կանգառ» նշանների հետ կապված, ըստ որի՝ որոշ տեղերում «զիջելու» փոխարեն կտեղադրվի «կանգառ» նշանը, որպեսզի հնարավորին չափով վթարները նվազեն:

«Փոփոխություններ են սահմանվել նաև կանչովի հետիոտնային լուսացույցների մասով, որպեսզի դրանք արհեստական խցանումների պատճառ չհանդիսանան: Կարգավորվել է նաև հանրապետական, միջպետական ճանապարհներին արհեստական անհարթությունների խնդիրը: Արդեն բնակավայրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների մոտ, որտեղով անցնում են այդ մեքենաները, արհեստական անհարթությունների միջոցով փորձելու ենք կարգավորել երթևեկությունը»,- ասել է Գնել Սանոսյանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումն անվտանգության ստանդարտների ապահովման համատեքստում:

«Խոսքը երկրում ստանդարտների հաստատման մասին է, և մեր պրոբլեմն այն է, որ մենք չենք դիտարկում և չենք զգում, չենք տեսնում կապն, ասենք օրինակ, երթևեկության կարգապահության, երթևեկության ստանդարտների և, ընդհանրապես, ստանդարտների բացակայության կամ չկիրառման և տեղի ունեցող դժբախտությունների, աղետների, նույնիսկ անհաջողությունների միջև: Երկրում պետք է լինեն ստանդարտներ և այդ ստանդարտները պետք է գործեն: Կրկնում եմ՝ այս բոլոր պրոբլեմներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, ինչը չի նշանակում ոչ ադեկվատ: Ասիմետրիկ և ադեկվատ, որովհետև մենք պետք է արձանագրենք, որ ինստիտուտների կայացումն է այն բոլոր պրոբլեմների լուծումը, որը մենք ունենք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ցավալի դեպքերը նաև ստանդարտների բացակայության հետևանքով են արձանագրվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս