«Դրական դինամիկա կա, երկուսն էլ ինքնուրույն շնչում են»․ Կարինե Բաբայանը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների առողջական վիճակում էլ դրական դինամիկա է գրանցվել։
Բուժհաստատության փոխտնօրեն Կարինե Բաբայանը 168.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց տղաների առողջական վիճակի վերաբերյալ․
«Հիվանդասենյակում գտնվող զինծառայողի վիճակը բավականին լավ է, սակայն դուրս գրվելու վերաբերյալ դեռ ոչինչ չեմ կարող ասել, վերքային մակերեսը փակվելուց հետո դուրս կգրենք։ Կարևորը, որ դրական դինամիկա կա, տեսնենք՝ ընթացքը ոնց է, արդեն կասենք»։
Կարինե Բաբայանից նաև հետաքրքրվեցինք վերակենդանացման բաժանմունքում գտնվող 2 զինծառայողների առողջական վիճակի մասին․
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների մոտ էլ դրական դինամիկա կա, բայց հաշվի առնելով ստացած վնասվածքները՝ հսկողության տակ են գտնվում։ Վերքերը մի քիչ դժվար են կորեկցվում, դրա համար պետք է միշտ հետևել, բայց դրական դինամիկա կա»։
Կարինե Բաբայանը դեռ հունվարի 19-ին էր լրագրողների հետ զրույցում ներկայացրել տղաների ստացած վնասվածքները։ Այդ ժամանակ նա նշել էր, որ այրվածքային հիվանդությունն ավելի վտանգավոր է լինում 3-4-րդ օրը, երբ զարգանում է ինտոքսիկացիա կամ օրգանիզմի թունավորում, ապա հավելել էր, որ առողջական վիճակի վերաբերյալ հստակ գնահատական կարող են տալ միայն 4-5-րդ օրը։
Քանի որ այսօր դեպքի 4-րդ օրն է, Կարինե Բաբայանին հարցրեցինք՝ կարո՞ղ ենք ասել, որ վտանգն անցել է, և զինծառայողների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
«Շնչուղիների այրվածքը մի քիչ դժվար է կորեկցիայի ենթարկվում, բայց ընդհանուր վիճակում դրական դինամիկա կա։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղաներից մեկն էլ, որ արհեստական շնչառական սարքին էր միացված, հանել ենք, դա ևս դրական դիմամիկա է։ Հիմա երկուսն էլ ինքնուրույն շնչում են, բայց բուժումը շարունակում են վերակենդանացման բաժանմունքում։ Ամենակարևորը՝ պետք է ամեն ինչ անենք, որ լավ լինեն երեխեքը»,- պատասխանեց բուժհաստատության փոխտնօրենը։
Ճշտող հարցին՝ թույլատրվո՞ւմ է արդյոք տեսակցություն զինծառայողներին, Կարինե Բաբայանը պատասխանեց․
«Հարազատները կարող են, միայն հարազատներին են թույլ տալիս»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: