«Իրենք ապահովված են ամեն ինչով, բացի անվտանգության նորմերի պահպանումից, որը խախտվել է». Ալեն Սիմոնյան
«Անվտանգության խնդիրներ են եղել, օրինակ, ճաղավանդակ չպետք է լիներ, և դրա համար մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար՝ պատժվել են ու պատժվելու են։
Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, ապա քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակում է անել։ Վստահեցնում եմ՝ եթե այս փոփոխությունները չլինեին, ապա նման պատահարները շատ կարող էին լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։
Ալեն Սիմոնյանը նաև չմոռացավ խորհուրդներ տալ՝ դժբախտ պատահարը «պետք չի սարքել շահարկման թեմա»։
Մեկնաբանելով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, որ այդ ողբերգական դեպքից հետո մարդկանց ազատել են աշխատանքից՝ առանց ծառայողական քննություն անցկացնելու, մինչդեռ ծառայողական քննությունից հետո պետք է լիներ պաշտոնանկություններ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ցավում է, քանի որ նման հայտարարություն անելու համար նախ պետք է տիրապետել տեղեկությունների։
«Մեծ քանակով զինվորական պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել, նախկինում քանի՞ նման դեպք գիտեք, որ բարձրաստիճան զինվորականների շարան է պաշտոնանկ արվել»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ նախկինում երբեք նման դեպք չի եղել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե նախկինում էլ ուրիշ ողբերգություն է եղել։
«Ինչի՞, որ իրար կրակում-սպանում են, ողբերգություն չէ՞»,- շեշտեց նա՝ չհիշատակելով որևէ դեպք։
Ըստ Ալեն Սիմոնյանի, այդ կացարանները ոչ թե խրճիթներ են, այլ տներ, որտեղ շինարարական ջոկատը կամ սակրավորական ջոկատը բնակվում է։
«Իրենք ապահովված են ամեն ինչով, բացի անվտանգության նորմերի պահպանումից, որը խախտվել է, որի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգություն։ Իրենք ամեն ինչով ապահովված են եղել, բայց եթե բենզինը լցնում են կրակի վրա…»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում