Փաշինյանի ընտանեկան թերթի վարկածը՝ կացարանում «պայթյուն» է եղել. քավության նոխազի փնտրտուք

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում է հրդեհը բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 15 զինծառայող, վիրավորների թիվը 3 է, նրանք գտնվում են Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնում:

Մինչև այս պահը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Սուրեն Պապիկյանը չեն այցելել դեպքի վայր, ոչ էլ տեսակցության են գնացել վիրավորներին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը 168.am-ին ասաց, որ երբ պաշտպանության նախարարն այցելի Գեղարքունիքի մարզ՝ դեպքի վայր, այդ մասին անպայման հաղորդագրություն կտարածվի:

Կարդացեք նաև

Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը Երևանում նստած շտապեց հայտարարել՝ «5-լիտրանոց տարայով փորձել են բենզին լցնել վառարանի մեջ»։ Ավելի ուշ այս վարկածը լեգիտիմացրին իրավապահ և քննչական մարմինները: Սա այլ քննարկման թեմա է, և այս հրապարակմամբ դեռ կանդրադառնանք անվտանգային ռիսկերին:

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը շտապեցին գլխատել 2-րդ բանակային կորպուսը՝ պաշտոնանկ անելով կորպուսի հրամանատարին, տեղակալին, մի շարք այլ պատասխանատուների:

Նրանք, թերևս, իրենց պատասխանատվության բաժինն ունեն, բայց երբ առանց այն էլ կորցրել ենք մարտական լուրջ միավոր, արդյոք պե՞տք էր միանգամից գլխատել 2-րդ բանակային կորպուսը, որի ենթակայության տակ գտնվող տարածքները թշնամու թիրախում են, և որի ուղղությամբ 2021-ից ադրբեջանական առաջխաղացումներ են եղել: Ավելին, Նիկոլ Փաշինյանը «ստիպում» է Սուրեն Պապիկյանին հրապարակային թվարկել պաշտոնանկ արված բոլոր պատասխանատուներին՝ պաշտոն առ պաշտոն:

Սա դիտավորությո՞ւն է, թե՞ չիմացություն: Երկու դեպքում էլ գործ ունենք վտանգավոր երևույթի հետ, հատկապես, երբ խոսքը երկրի ղեկավարի և գերագույն հրամանատարի մասին է, որը ո՛չ 2020-ի 44-օրյա պատերազմի պարտության համար է իրեն համարում թիվ մեկ մեղավորը, ո՛չ էլ սեպտեմբերյան մարտերի ժամանակ 2 օրում ավելի քան 200 զոհի, և ո՛չ էլ վերջին ողբերգական դեպքի և դրա հետևանքով 15 մահերի:

Բոլոր իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը մեղավոր է հռչակում միայն զինվորականությանը, և հարց է՝ արդյո՞ք 2-րդ կորպուսի արդեն նախկին հրամանատար Վահրամ Գրիգորյանը չի տեղեկացրել զինծառայողների կեցության պայմանների մասին, Նիկոլ Փաշինյանը չի՞ իմացել, որ, օրինակ, ինժեներասակրավորային վաշտը տեղավորվել է Ազատ գյուղի տներից մեկում, որի պատուհանները ճաղավանդակապատ են, և հնարավոր հրդեհի դեպքում դուրս գալը դժվար է լինելու:

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞, որ սա միակ դեպքը չէ, երբ նման տներում են զինվորներին տեղավորել՝ թշնամուն դեմ հանդիման, և շատ տեղերում դեռ շարունակում են այդ պայմաններում իրենց ծառայությունը: Ե՛վ չիմանալու, և՛ իմանալու դեպքում էլ այն վկայում է երկրի ղեկավարի՝ իր պարտականություններում, մեղմ ասած, թերանալու մեջ:

Ի դեպ, հրդեհի դեպքից ժամեր անց դաշտ նետվեց իտալական մոդուլային կացարանների թեման, բնականաբար, Հանրային հեռուստաընկերությամբ և Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի միջոցով։

Ըստ իշխանական տեղեկատվական միջոցների, Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը ժամանակավոր է եղել, այն նախատեսված էր տվյալ շրջանում կենտրոնացման (տեղակայման) համար:

ՊՆ խոսնակին հղում անելով՝ «Հայկական ժամանակը» գրում է, որ մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականի վերջին:

Կրկնում ենք՝ սա միակ դեպքը չէ, երբ նման պայմաններում են զինծառայողներն իրենց ծառայությունն անցկացնում, թեկուզ՝ ժամանակավոր: Ի դեպ, խոսքը 1-2 տարի ժամանակավոր կեցության մասին է: Ավելին, մշտական տեղակայման վայրը պատրաստ է լինելու 2023-ի վերջին:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հրդեհի փոխարեն օգտագործել է «պայթյուն» ձևակերպումը, վրիպա՞կ, լեզվի սայթաքո՞ւմ, թե՞…

Շարունակելով իտալական կացարանների և Նիկոլ Փաշինյանի՝ ինքնափիառի և մեղավորներ փնտրելու թեման, նշենք, որ դեպքից ժամեր հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը շրջանառեց նաև չհրապարակված կադրեր 2022 թվականի դեկտեմբերի 31-ին 5-րդ բանակային կորպուս և մարտական դիրքեր Փաշինյանի այցից, որի ընթացքում Սուրեն Պապիկյանին դիմելով՝ նա ասում է.

«Մտա տեսա, մի բան էն չեղավ, տեղում որոշումներ են կայացվելու: Բաներ կան, որ մեր սխալն է եղել, որոշ բաներ ասել ենք՝ չնկատելու տանք, բայց այսուհետ այդպես չի լինելու: Ինչով որ պետք լինի, մենք մեր բանակին ապահովելու ենք, բայց պահանջելու ենք ամենաբարձր ստանդարտը: Սա նշանակում է, որ մեր ամեն զինվորն ու հրամանատարն իր պրոֆեսիոնալ հատկություններով պետք է լինի: Խնդիր եմ դրել՝ հագուստից, զենքից սկսած՝ ամեն բան լինի պատշաճ վիճակում: Այլևս կոմպրոմիս չկա: Զինվորական ծառայության մեջ ամեն բան պետք է լինի ամենաբարձր դիրքում»:

Սա, ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված առաջին հրապարակումը չէ, ավելի վաղ ՀԺ-ն մի ամբողջ հոդված էր գրել այն մասին, որ Պապիկյանը դեռ չի ընդունել 2022-ի հուլիսին այրվածքից մահացած շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի ծնողներին:

Այսինքն, այս ամենը նույն տրամաբանության մեջ է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ Նիկոլ Փաշինյանից, և որևէ կապ չունի, եթե ինչ-որ պահի այդ «զոհը» կարող է լինել վստահելի թիմակիցը:

Այո, Սուրեն Պապիկյանը որպես պաշտպանության նախարար՝ լրջագույն պատասխանատվություն է կրում բանակում և դիրքերում տիրող իրավիճակի համար՝ կենցաղային, ծառայության հետ կապված խնդիրներից՝ մինչև արտաքին վտանգներ, բայց առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը նույնիսկ պաշտպանական գերատեսչությունում առկա պաշտոնների անունները մինչ օրս չի սովորել:

Վերադառնալով 2-րդ բանակային կորպուսին, նշենք, հունվարի 19-ին կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատված Վահրամ Գրիգորյանը նշանակվել էր 2021-ի օգոստոսի 9-ին, որից ամիսներ հետո՝ 2021-ի նոյեմբերին, այնուհետ՝ 2022-ի սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ թշնամին հերթական առաջխաղացումն էր ունեցել, դիրքեր ենք կորցրել:

Ով գիտի՝ գուցե մի օր Նիկոլ Փաշինյանը նաև այս տարածքային կորուստների՞ համար մեղադրի Վահրամ Գրիգորյանին, երբ հարմար գտնի, այնպես, ինչպես դա արեց գեներալ Արայիկ Հարությունյանի դեպքում:

Մոտ մեկ ամիս առաջ՝ 2022-ի դեկտեմբերի կեսերին տեղեկություն տարածվեց, որ կալանավորվել է գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը: Նա մեղադրվում է 2021-ի մայիսին ադրբեջանական առաջխաղացումները Գեղարքունիքի մարզի ուղղությամբ չկանխելու համար:

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

2021-ի մայիսյան առաջխաղացումների ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Հետաքրքիր է, որ Արայիկ Հարությունյանի ղեկավարած զորամիավորման պատասխանատվության գոտում եղած ՀՀ ինքնիշխան տարածք 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, նա նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր այս տարվա փետրվարին:

Ավելի ուշ 168.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Ի դեպ, գեներալ Արայիկ Հարությունյանը թեև ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ, սակայն, նա Նիկոլ Փաշինյանի հանդեպ համակրանք ուներ, ավելին, մեզ հասած տեղեկություններով, նույնիսկ արտահայտվել էր, թե սխալվել է Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ իր ստորագրությունը դնելով:

Իսկ Փաշինյանը, ինչպես միշտ, թիրախավորում է նաև իրեն հավատարիմ եղածներին կամ ծառայածներին, ինչը տեղի է ունեցել կոնկրետ դեպքում. մայիսյան ներխուժումներից մոտ 1.5 տարի հետո Նիկոլ Փաշինյանը որոշում է մեղադրել գեներալ Արայիկ Հարությունյանին, երբ դրանից հետո հենց ինքն էր հայտարարել՝ «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:

Ավելին, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական նշված ներխուժումից մոտ 2 շաբաթ հետո 2021-ի մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր այդ ժամանակ դեռ Արայիկ Հարությունյանի հրամանատարությամբ 2-րդ բանակային կորպուս և մարտական դիրքեր, որի ընթացքում լսվում է, թե ինչպես է գեներալը ցույց տալիս ադրբեջանական խմբերին, որ շրջափակման մեջ են, և առաջարկում իր տղաներին հրահանգի համապատասխան գործողություն ձեռնարկեն, տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը գլխով բացասական պատասխան տալիս (տեսանյութը՝ 16:56 րոպեից):

Նշենք, որ Փաշինյանը հայտարարել էր՝ 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանը ՀՀ տարածքից մոտ 40 քկմ է օկուպացրել:

2021-ի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով էր ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացավ մի քանի կիլոմետր խորության վրա՝ Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում:

Իսկ Վահրամ Գրիգորյանի երեկվա պաշտոնազրկումից հետո 2-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի՝ ՀՀ ազգային հերոս Գարեգին Պողոսյան:

Նա այդ կոչմանն արժանացել է 44-օրյա պատերազմի օրերին: Հուսանք, որ Ազգային հերոսներին և չվարկաբեկված զինվորականներին հեղինակազրկելու վարպետ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահի նրան էլ մի քաղաքական հարմար պահի չի թիրախավորի:

Տեսանյութեր

Լրահոս