«Ո՞նց կարելի է զինվորին այդպես պահել, ով չի կարողանում իր աշխատանքը նորմալ ձևով անի, պետք է հրաժարական տա»․ հարցում
Երեկ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայող գտնվում է բուժհաստատությունում, նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Ողբերգական միջադեպին հաջորդեցին սպայական կազմի մի շարք պաշտոնանկություններ, սակայն քաղաքական-հասարակական մի քանի գործիչներ, ինչպես նաև սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պահանջում էին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
168.am-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն ողբերգական միջադեպի վերաբերյալ, և ովքե՞ր են կատարվածի մեղավորներն ու պատասխանատուները։
Հարցվածների մեծ մասը խուսափում էր որևէ գնահատական տալ կատարվածին։
«Շատ վատ բան է եղել, ամենավատ բանը, որ կարող էր լինել, առանց կռվելու՝ երեխեքը զոհվեցին։ Խոսքեր չեմ գտնում ասելու, ցավակցում եմ»,- ասաց մեծահասակ մի կին։
«Խոսելս չի գալիս, մանթրաժ եմ, չեմ կարողանում խոսել։ Ի՞նչ մեկնաբանես, անփութություն էր, սրիկայություն էր, ինչ էր, չգիտեմ։ Ոչ մի վարկած էլ ընդունելի չի․․․»,- ասաց հարցված քաղաքացիներից մի տղամարդ։
Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Կառավարությունը գումարի խնդիր չունի, ուստի քաղաքացիներին հարցրեցինք, եթե գումարի խնդիր չկա, բայց զինվորները նման պայմաններում են ապրել, ո՞վ է դրա մեղավորը։
«Եթե գումարը կա, բայց չի ծախսվել, այդ դեպքում պետք է պաշտոնանկ արվի նաև Պաշտպանության նախարարը, գուցե նաև այն փոխնախարարը, որը պատասխանատվություն է կրում թիկունքային ապահովման համար»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը։
Ճշտող հարցին՝ իսկ գլխավոր գերագույն հրամանատա՞րը՝ Նիկոլ Փաշինյանը, արդյոք նա իր պատասխանատվության բաժինը չունի՞, նա պատասխանեց․
«Որոշակի պատասխանատվություն ունի նաև Նիկոլ Փաշինյանը։ Մենք բազմիցս քննադատել ենք Նիկոլ Փաշինյանին, բայց ես գտնում եմ, որ քննադատությունը պետք է կառուցողական լինի, ոչ թե դավադրությունների տեսությունից ելնելով»։
«Էս ի՞նչ Պաշտպանության նախարարություն է, որ չգիտի՝ ի՞նչ վիճակում են երեխեքը գտնվում։ Այս ամենի պատասխանատուն հենց ՊՆ-ն է, ուրիշ էլ ո՞վ։ Իրենք պետք է նայեն, ստուգեն, տեսնեն՝ ի՞նչ վիճակում է գտնվում իրենց զինվորը, ի՞նչ են ուտում, որտե՞ղ են մնում, ո՞նց են քնում, ո՞նց են տաքանում։ Ո՞նց կարելի է զինվորին այդպես պահել։ Մենք ուղարկում ենք մեր երեխեքին, որ սե՞նց պահեն, սե՞նց նայեն իրենք։ Վաղը-մյուս օրը թոռնիկս էլ պետք է գնա բանակ, սե՞նց պետք է նայեն, էս ի՞նչ ձև է, էս ի՞նչ պայմաններ են, արդեն վստահություն չկա։
Առաջինը ինքը՝ Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա։ Ես չեմ հասկանում, իրենք ինչո՞վ են զբաղված կաբինետներում նստած։ Մաման, պապան ո՞նց են նայում իրենց երեխաներին, նույն ձև իրենք պետք է նայեն երեխեքին։ Ով չի կարողանում իր աշխատանքը նորմալ ձևով անի, պետք է հրաժարական տա, ընդամենը այդ»։
Այդ թվում Նիկոլ Փաշինյա՞նը, հարցրեցինք մեր զրուցակցին, ինչին ի պատասխան՝ նա ասաց՝ բոլորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում