Ի՞նչ էր Սուրեն Պապիկյանին հասկացնում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը
Երեկ առավոտը բացվեց ահազարհուր լուրով՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի վերջում տեղակայված, զորանոց անվանված լքված մի տան մեջ իրենց ժամկետային զինվորական ծառայության օրերը գլորող 15 զինծառայող այրվեցին քնած ժամանակ. Ըստ պաշտոնական վարկածի՝ բենզինից բռնկված ու բենզինով «մարվող» հրդեհի արդյունքում:
Այս վարկածը, որ առաջինը ողբերգությունից ժամեր անց կառավարության նիստում շրջանառեց Նիկոլ Փաշինյանը, զարգացրեց ողջ իշխանությունը՝ սկսած Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից, վերջացրած ռազմական ոստիկանության պաշտոնյայով, դատախազությամբ ու, բնականաբար, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանով: Մեղավոր կարգվեցին բոլորը, աշխատանքից ազատվեց 2-րդ կորպուսի հրամկազմն ամբողջությամբ, բայց, իհարկե, միայն այդքանը. որևէ քաղաքական ու բարոյական պատասխանատվության մասին խոսք չհնչեց: Ինչպես միշտ, մեղավոր էին բոլորը, բացի Նիկոլ Փաշինյան-Սուրեն Պապիկյանին զույգից:
Ի դեպ, երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրդեհված տունը որպես կացարան՝ ծառայել է 2020թ.-ից, Քննչական կոմիտեն՝ 2021թ.-ից, իսկ երեկոյան հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ 2022թ. սեպտեմբերյան ներխուժումից հետո:
Երեկ տեղում՝ դեպքի վայրում, ուր այդպես էլ ոչ մի պատասխանատու անձ ոտք չդրեց, բոլորը՝ դասակի հրամանատարը, տեղում եղած այլ անձինք հերքեցին, իհարկե, բենզինի առկայության վարկածը, բայց ինչպես Սուրմալուի պայթյունի դեպքում, երբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բացառեց ահաբեկչության վարկածը՝ քննությունն ըստ էության ուղղորդելով, այնպես էլ այս դեպքում այդ վարկածը նախաքննական մարմնի համար դարձավ ամենաարժանահավատն ու ըստ էության միակը:
Մարդիկ, սակայն, սոցցանցերում, ԶԼՄ-ներում պահանջում էին գլխավոր մեղավորների հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, իրավացիորեն նշում էին, որ բարոյական ու քաղաքական պատասխանատվություն կատարվածի համար այս երկուսը պետք է կրեն, իսկ առանց պատշաճ քննության իրականացման բանակային 2-րդ կորպուսի գլխատումը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել:
Երեկ, սակայն, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», իրեն բնորոշ, տրամադրություններ շոշափող ու կոնկրետ անձանց մեսիջներ փոխանցող մի տեսանյութ հրապարակեց, որում շատ թափանցիկ ակնարկներ կային՝ ուղղված Սուրեն Պապիկյանին: Տեսանյութի վրա վերտառություն կար՝ 31.12.2022թ. չհրապարակված կադրեր:
Ամանորյա սեղանի մոտ, գավաթը ձեռքին կենաց ասող Նիկոլ Փաշինյանը, դիմելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ասում է, որ չի լինելու այլևս այնպես, որ որևէ բան նկատելու չտան, և յուրաքանչյուր նրբության անդրադառնալու են:
«Շարքայինից սկսած մինչև շտաբի պետ, հագուստից սկսած, զենքից սկսած, անհատական պաշտպանության միջոցներով շարունակած… Այլևս չկա ոչ մի կոմպրոմիս, զինվորական ծառայության մեջ՝ առավել ևս: Որևէ դիրքում ես մտնեմ, շարժուձևից սկսած, մի բան էն չեղավ, կոնկրետ տեղում որոշումներ են կայացվելու»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ սա 2022թ. դեկտեմբերի 31-ն է, և, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է մնացել դիրքեր իր այցելությունից, և 168.am-ի տեղեկություններով՝ ոչ միայն այս տեսանյութի ընթացքում, այլ Սուրեն Պապիկյանի հետ առանձնազրույցի ժամանակ շատ խիստ տոնով նրան ասել է՝ իրեն դիրքերում պատշաճ չեն դիմավորել, ըստ կարգի պատվի չեն առել:
Մենք չգիտենք, իհարկե, ինչ ու ինչքան է հասկանում Նիկոլ Փաշինյանը զինվորական կարգապահությունից, բայց որ Սուրեն Պապիկյանը մտածելու բան ունի, ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանի մոտ նման բաներն անհետևանք չեն անցնում: Ավելին, նա մեծագույն փորձ ունի՝ նաև յուրայիններին զոհաբերելով՝ փորձել «մաքրվել»՝ պատասխանատվությունից խուսափել, իր կաշին փրկել: Դրանում իրենց փորձով՝ լրագրողին «փուռը տալու» ուրույն ձեռագրով համոզվել էին նրա ընտանեկան լրատվամիջոցի նախկին աշխատակիցները, երբ Փաշինյանը խմբագիր էր, դրանում արդեն համոզվում են նաև ՔՊ-ականները: Դա է պատճառը, որ ՔՊ-ականները, ինչպես իրենց ղեկավարը, կոմպրոմատներ են հավաքում՝ հետագայում իրենց անձը նրանից պաշտպանելու համար:
Մեր տեղեկություններով՝ դիրքեր վերոնշյալ այցելությունից հետո Սուրեն Պապիկյանը թեժ զրույց է ունեցել բանակի ղեկավարության հետ, իսկ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի այցելությունը ՊՆ ավելի վաղ է պլանավորված եղել, որը, սակայն, հետաձգվել է:
Ակնհայտ է, որ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունները սեպ են խրել Նիկոլ Փաշինյան-Սուրեն Պապիկյան հարաբերություններում, և Նիկոլ Փաշինյանը նման կսմիթներով բացահայտորեն ինչ-որ բան է հասկացնում Պապիկյանին:
Իսկ ուղիղ հետևանքները վրա կհասնեն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը չեզոքացրած կլինի բոլոր վտանգներն ու վստահ կլինի՝ Սուրեն Պապիկյանն այնքան ռեսուրս չունի, որ ՔՊ-ի ներսում կարողանա հեղաշրջում անել: