«Փաշինյանն ազատվում է Պապիկյանի կադրերից. Պապիկյանի շնորհիվ Գեղարքունիքի մարզպետ դարձած Սարգսյանին 2 ամսից կփոխարինի ՏԿԵ նախարարի ընկերը՝ Արամ Մելքոնյանը»

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզում կադրային փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ մարզպետի։

Մամուլում Գեղարքունիքի մարզպետի փոփոխության վերաբերյալ հրապարակումներ եղել են, անգամ անուն է նշվել, թե ով է փոխարինելու Գեղարքունիքի գործող մարզպետ Կարեն Սարգսյանին։ Խոսքը Վարդենիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանի մասին է, որը 2021 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններին ներկայացնում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բայց պարտվեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքին։

«Արամ Մելքոնյանը դեռ նախորդ տարեվերջին՝ ՏԿԵ նախարարի խորհրդական նշանակվելուց առաջ, իր մտերիմ շրջապատում անընդհատ հայտարարում էր, որ ինքը նշանակվելու է այդ պաշտոնին, իսկ 2 ամիս անց նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ։

Կարդացեք նաև

Եթե սկզբում մարզի բնակիչներն այդ խոսակցություններն այնքան էլ լուրջ չէին ընդունում, ապա ՏԿԵ նախարարի խորհրդական նշանակվելուց հետո Արամ Մելքոնյանի մարզպետ դառնալու խոսակցությունները սկսեցին ավելի ակտիվ շրջանառվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ գործող մարզպետի փոփոխությունը պատահական չէ, այն պայմանավորված է իշխանության ներսում, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյան-Պապիկյան  լարված հարաբերություններով․

«Այն, որ Փաշինյանը Պապիկյանից դժգոհ է, կարծում եմ՝ հատկապես ՔՊ համագումարից հետո բոլորին պարզ դարձավ, այդ մասին նաև Գեղարքունիքի ՔՊ-ականներն են հաստատում։ Փաշինյանը սկսել է ազատվել Պապիկյանի հավատարիմ կադրերից, դե, իսկ Գեղարքունիքի գործող մարզպետը Պապիկյանի նշանակած մարդն է»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վարդենիսի նախկին համայնքապետին դեռ 2021 թվականին էր ՏԿԵ նախարարի խորհրդականի պաշտոնն առաջարկվել, երբ Մելքոնյանը պայքարում էր ՏԻՄ ընտրություններում դառնալ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար, սակայն Մելքոնյանն  առաջարկը չէր ընդունել.

«Արամ Մելքոնյանն այն ժամանակ մերժել էր այդ առաջարկը, ասել, որ չի ուզում նախարարություն տեղափոխվել, այլ ուզում է մնալ մարզում, Վարդենիսում։ Իսկ հիմա, երբ նրան  խոստացել են այս նշանակումից կարճ ժամանակ անց Գեղարքունիքի մարզպետ նշանակել, համաձայնել է։

Պատահական չէ նաև, որ նա մինչև Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելը, նշանակվել է ՏԿԵ նախարարի խորհրդական։ ՏԿԵ Նախարար Գնել Սանոսյանը, որը մինչ այս Գեղարքունիքի մարզպետն էր, Արամ Մելքոնյանի մտերիմ ընկերն է, և կարելի է ասել, նրան տարել է իր մոտ «փորձաշրջանի»։ 2 ամիս կծանոթացնի մարզպետարանի գործունեությանը, մարզպետի անելիքներին, որից հետո արդեն պաշտոնապես կհայտարարեն նշանակման մասին։

Ի դեպ, Արամ Մելքոնյանը մարզում այնքան էլ սիրված կերպար չէ, և նրա՝ Գեղարքունիքի մարզպետ նշանակելու վերաբերյալ լուրն արդեն իսկ մարզում դժգոհությունների առիթ է դարձել․․․

Եթե հաշվի առնենք, որ Արամ Մելքոնյանը ՏԿԵ-ում պաշտոնի նշանակվելու, ապա 2 ամիս անց մարզպետ նշանակվելու մասին հայտարարությունն արել է 2022 թվականի դեկտեմբերին, ապա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին նրան արդեն կնշանակեն Գեղարքունիքի մարզպետ»,- իր տեղեկությունների հիման վրա եզրակացրեց մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ՝ Գեղարքունիքի գործող մարզպետ Կարեն Սարգսյանը լուրջ հակասություններ ունի մարզի որոշ համայնքապետերի հետ և չի կարողանում որպես մարզպետ լեզու գտնել, օրինակ՝ Սևանի և Ճամբարակի ոչ ՔՊ-ական համայնքապետերի  հետ, որոնք մեծ հեղինակություն ունեն իրենց համայնքներում։

Տեսանյութեր

Լրահոս