Հայաստանում 2022 թվականին արձանագրվել է ծնելիության ցուցանիշի նվազում՝ 2021 թվականի համեմատ
Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնային տեղ է զբաղեցնում անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը կարող է ներդրում ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:
Հայաստանում առկա անպտղության բարձր մակարդակը, որն ըստ 2021 թվականի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից կատարված` քանակական հետազոտությության, կազմում է 16,8%, բավականին մտահոգիչ է, քանզի հայտնի է, որ անպտղու¬թյան 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդա-գրության, ծնելիության վրա:
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից 2022 թվականի 11 ամսվա վերաբերյալ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2022 թվականին արձանագրվել է ծնելիության ցուցանիշի նվազում՝ 2021 թվականի համեմատ, մասնավորապես՝ 2021 թվականին ծնվածների բացարձակ թիվը կազմել է 33.625, իսկ 2022 թվականին՝ 33.171, որն էլ ըստ տոկոսային հարաբերության 1.3%-ով ցածր ցուցանիշ է:
Անհրաժեշտ է նշել նաև, որ նույն աղբյուրի համաձայն, դրական տեղաշարժ է նկատվել ինչպես մեռելածինների, այնպես էլ 0-1 և 0-4 տարեկան երեխաների մահերի ցուցանիշներում: 2021 թվականի մեռելածինների բացարձակ թիվը կազմել է 465, իսկ 2022 թվականին այն նվազել է՝ կազմելով 399 կամ՝ 14.2 %-ով ավելի պակաս: 0-1 և 0-4 տարեկան երեխաների շրջանում մահացությունը նույնպես նվազել է՝ համապատասխանաբար 8.5% և 10.6%-ով:
Ծնելիության խթանման և անպտղության մակարդակի նվազեցման միջոցներից է վերարտադրողականությանն օժանդակող տեխնոլոգիաների կիրառումը, որի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի հունվարի 5-ին ընդունվել է N 22-Ն որոշումը՝ նպատակ ունենալով ավելի ընդլայնելու ծառայության շահառուների թիվը, որն էլ կաջակցի ծնելիության բարձրացմանը, անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմանը:
Նոր որոշմամբ՝ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից» օգտվելու իրավունք ունեն.
1) 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք, ովքեր պատկանում են 20-35 (ներառյալ) տարիքային խմբին, սույն հավելվածի 3-րդ և 4–րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում, 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,
2) 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք` սույն հավելվածի 3-րդ կետի 2-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծավալներով,
3) սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին` սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում, 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,
4) զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողները` սույն հավելվածի 3-րդ և 4–րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը:
Վերջին փոփոխությունները, հատկապես այն փաստը, որ շահառուները չպետք է պարտադիր լինեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված նպաստառուներ, զգալի ընդլայնում է ծրագրի շահառուների շրջանակը, որն էլ իր հերթին կնպաստի ինչպես անպտղության մակարդակի նվազմանը, այնպես էլ ծնելիության ցուցանիշի աճին:
Որոշումը կարևոր է նաև նրանով, որ այսուհետև ծառայություններից օգտվելու համար հիմք է հանդիսանում մարդկանց առողջական վիճակը, այլ ոչ թե սոցիալական կարգավիճակը, ինչպես եղել է նախկինում: