«Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք». Գեղամ Մանուկյան
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, թե նպատակ չուներ հայտարարությամբ հանդես գալու, սակայն տեսել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ դիրքերը որակապես փոխվել են, նաև, թե «տվել են հնարավորություն, որպեսզի ընդդիմադիրները տեսնեն, սակայն տեսնելուց հետո էլ շատ սակավախոս են»։
«Այո, մենք եղել ենք առաջնագծում, վերջապես մի հնարավորություն ընձեռվեց և Տավուշից մինչև Կապան, Ներքին Հանդ մեր պատգամավորներն այցելել են առաջնագիծ։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք, դեկտեմբերի վերջին օրերն էին՝ Տավուշից մինչև Կապան, ներքին Հանդ, Ջերմուկ, Վարդենիս շատ բան ենք տեսել։ Աչքերը կրակով զինվորների ենք տեսել, տեսել ենք նախորդ դիրքը կորցրած, բայց նոր դիրք կառուցող հրամանատարի, տեսել ենք հիվանդություններով՝ դժվար քայլող, բայց հպարտ կամավորների, տեսել ու հպարտացել ենք։ Տեսել ենք նաև շատ բաներ, որի մասին չենք ուզեցել բարձրաձայնել։ Ցավոք, միշտ չէ, որ ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն է տրվել գնալ առաջնագիծ։ Թադևոս Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանն այդ օրերին եղել են Ջերմուկի առաջնագծում, որ առանձին մոտենաք հարցնեք, շատ բան կպատմեն, և դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը կհասկանա, որ սակավախոս ենք, որովհետև սեփական երկիրը սիրում ենք»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում