
Երևանի պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ

Հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության կանչերի թիվը եղել է 7595, հիվանդանոց է տեղափոխվել 1449 հիվանդ: Մանկական կանչերի թիվը եղել է 849, հիվանդանոց է տեղափոխվել 218 երեխա: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը
Քաղաքապետարանի առողջապահության վարչությունից էլ հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում շտապբուժօգնության ծառայությունը գրանցել է 29 վթար, վրաերթ, մահ չի արձանագրվել:
Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը 32205 է:
Ի դեպ, քաղաքացիների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով երևանյան պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ:
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի փոխանցմամբ՝ մոտ 10 օրից կսկսեն աշխատել:
«Համակարգը ներդրված է, թեստավորումներ են արվում: Նախագիծը մեկնարկել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայից»,- նշեց Գևորգ Սիմոնյանը: