Իսկապես շատ վատ վիճակում ենք մենք. Աբրահամ Գասպարյան
«Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ընթացքում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն անդրադարձավ հարցին, թե ստեղծված անվտանգային մարտահրավերների պարագայում ինչ պետք է անի շարքային քաղաքացին:
Այս առնչությամբ նա որպես առաջնահերթություն՝ կարևորեց շարքային քաղաքացու հետ անկեղծ ու պարզ զրույցը:
«Ի՞նչ է անում այս գործող խունտայի, ոհմակի գլխավոր խեղվածը. ասում է՝ քեզ ասֆա՞լտ է պետք, փողոցային լուսավորությո՞ւն, ոռոգման ջո՞ւր, լոգիստիկ հարմարությունների ստեղծման խնդի՞ր, այս չորսի դիմաց վաճառքի եմ հանում Արցախդ էլ, Սյունիքդ էլ, և այլն: Երբ դու չունես կենտրոնաձիգ, գաղափարական հեռանկար, մարդն ապրում է կենցաղով:
Ի՞նչ պետք է անել ժողովրդին այս ժամանակավոր և թվացյալ կոմֆորտ զոնայից, անտարբերությունից դուրս բերելու համար. մենք պետք է մարդկանց հետ խոսենք: Ընդդիմության գլխավոր ձախողումը գալիս է այստեղից»,- նկատեց քաղաքագետը:
Խոսելով Արդբեջանում հանրային տրամադրությունների մասին և հակադարձելով հայկական իրականությանը՝ նա ցավով արձանագրեց, որ ըստ սոցհարցումների՝ եթե մինչև 2020 թվականն Ադրբեջանում կար հստակ փեղկվածություն Ղարաբաղի հարցում, այս պատերազմով իրենք կարողացել են իրականացնել Nation-building-ի պրոցեսը: Վերջին հարցումներով՝ Ադրբեջանում 98 տոկոսը համարում է, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, և ադրբեջանական պետությունը կգնա առաջ»:
Աբրահամ Գասպարյանը նաև նկատեց՝ եթե շարունակի հայկական հասարակությունը չունենալ գաղափարական կոնսոլիդացիա, 5 տարի հետո, երբ Սյունիքը մեջտեղից կկտրեն, անտարբերությունը կդառնա նորմ. «կասենք՝ թող Երևանը մնա, մնացածը՝ տվեք. օրինակ, Չարբախը մեզ հետաքրքիր չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում