Երկու տարի առաջ այս օրը Արարատ Միրզոյանը հայտարարվեց գործակալ Օմեգա. Ի՞նչ իրավիճակ է երկու տարի անց
Ուղիղ երկու տարի առաջ՝ այս օրը, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսանյութ հրապարակեց, որում փաստաթուղթ ներկայացրեց առ այն, որ ՀՀ գործող արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է: Այսինքն՝ Միքայել Մինասյանն Արարատ Միրզոյանին մեղադրեց Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու, ապա ՀՀ հատուկ ծառայությունների կողմից դա բացահայտվելուց հետո՝ նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործակալ դառնալու մեջ:
Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթում, ըստ նրա, Արարատ Միրզոյանն իր ձեռքով գրություն է գրել այն մասին, որ համաձայնություն է տալիս իր հնարավորությունների սահմաններում աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:
Փաստաթուղթը ստորագրված է 07.11.2007թ. ամսաթվով: Նշված էր նաև Արարատ Միրզոյանի գործակալական ծածկանունը՝ Օմեգա:
Արարատ Միրզոյանի արձագանքը չուշացավ. Նա ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրեց, որ հրապարակվածը Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունն է, և այն պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի, ու նաև պատասխան տա սուտ մատնության համար:
Հունվարի 17-ին արդեն ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ»:
Տարօրինակ կերպով Արարատը Միրզոյանի գրառմանն ու ԱԱԾ տարածած հաղորդագրությանը ոչինչ չհետևեց: Քրեական գործ հարուցելու մասին այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ:
Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթից 6 օր անց Ազգային ժողովում լրագրողները Արարատ Միրզոյանին հարցեր ուղղեցին նրա՝ գործակալ լինելու վերաբերյալ, սակայն վերջինս գերադասեց խուսափել պատասխաններից:
Անցավ 6 ամիս, և 2021թ. հունիսի 21-ին Արարատ Միրզոյանն ինքը հաստատեց այն, ինչ գրված էր Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթում:
«ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, որը այդ շրջանում Ցեղասպանությանն անդրադարձող, դրա տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում՝ նաև արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է և խնդրել, առաջարկել՝ աջակցել իրենց նշված օրակարգով,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Միրզոյանը՝ շարունակելով,- Սա է ամբողջը, ես, բնականաբար, անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը, և սա է ամբողջը։ Այսինքն՝ այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի, ինչ վերաբերում է մնացած հատվածին, բնականաբար, հիվանդագին ցնորք է, և այդ մարդն այդ սարսափելի մեղադրանքի, իմ բարի համբավը վարկաբեկելու համար դեռ պիտի պատասխան տա»։
Նա նշել էր, թե դա եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտի, Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկի հատվածում։
Արարատ Միրզոյանը, սակայն, մի փոքրիկ դետալ էր մոռացել նշել: Ինչպե՞ս էր ինքը ՀՀ-ին օժանդակելու իր ցանկությունը հայտնել. գնացել, ԱԱԾ դուռը ծեծել էր ու ասել, որ ցանկանում է օժանդակե՞լ, թե՞ ԱԱԾ ընտրությունը նրա վրա էր կանգ առել, ու ինքն էլ չէր հրաժարվել: Բայց այդ դեպքում ինչո՞ւ էր ԱԱԾ ընտրությունը հենց կանգ առել Արարատ Միրզոյանի վրա, ինչպե՞ս և կարևորը՝ ինչո՞ւ էր նա հայտնվել ԱԱԾ տեսադաշտում:
Բայց կա մի հետաքրքիր հանգամանք ևս. ըստ ամենայնի Արարատ Միրզոյանն այնքան էլ որակյալ գործակալ չի եղել, եթե նրան կարողացել են բացահայտել: «Ծակած ագենտ» բնութագրումը լավագույններից չէ գործակալների համար:
Ինչևէ, երկու տարի անց արձանագրենք՝ Արարատ Միրզոյանը սկզբում հերքեց, ապա սպառնաց Միքայել Մինասյանին, հետո նրան սպառնաց ու հերքեց ԱԱԾ-ն, հետո Արարատը Միրզոյանը հրաժարվեց խոսել թեմայի վերաբերյալ, իսկ 6 ամիս անց ընդունեց իր գործակալ լինելը:
Այս պարագայում երկու տարի անց իմաստազուրկ է դառնում ԱԱԾ-ից ու Գլխավոր դատախազությունից հարցնել՝ իսկ որտե՞ղ է քրեական գործը: