«Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում՝ մեկնելու ձեր առաջարկն ինչպես կարելի է իրագործել»․ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստ անցկացնելու մասին

«Դուք հանդիսանում եք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, և չնայած ընդդիմությունը մի քանի անգամ առաջարկել, պահանջել է, որ տեղի ունենա միջխորհրդարանական նիստ, այն այդպես էլ չի կայացել»,- այսօր Ազգային ժողովի նիստին դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա Սիմոնյանին հարցրեց, թե ի վերջո նախատեսվո՞ւմ է քննարկում 2 խորհրդարանների պատգամավորների միջև՝ ստեղծված ծանր պայմաններում  համատեղ ելքեր գտնելու ուղղությամբ։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ նման հանդիպում նախատեսվել էր 2022 թվականի սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ թշնամու  սանձազերծած ագրեսիայի հետևանքով այդ հանդիպումը հետաձգվեց։ Ինչ վերաբերում է այսօր միջխորհրդարանական նիստ հրավիրելու առաջարկին, Սիմոնյանն ասաց․

«Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին որևէ նման քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»։

Կարդացեք նաև

Արձագանքելով ԱԺ նախագահին, Արծվիկ Մինասյանն ասաց՝ գուցե սա հենց այն լավ առիթն է, որ նման քննարկում կազմակերպվի․

«Ի վերջո, միջխորհրդարանական համաձայնագիր կա, և այն ճանաչվել է նաև միջազգային դերակատարների կողմից, որոնք ընդունել են, որ Հայաստանը նույնպես հանձնառու է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից, և ճանաչվում են Արցախի օրինական իշխանությունները։

Գուցե սա հենց այդ հնարավորությո՞ւնն է նաև, որ փորձ արվի Արցախ մեկնելու համար հիմքեր ստեղծելու կամ թեկուզ առցանց մակարդակով քննարկում հրավիրել, զուտ նաև ելնելով այն հանգամանքից, որ ի վերջո միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ստանձնած պարտավորությունները, որոնք ճանաչվել են նաև իրենց կողմից՝ այնուամենայնիվ պետք է կյանքի կոչել»։

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին արձագանքեց․ «Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում՝ մեկնելու ձեր առաջարկն ինչպես կարելի է իրագործել, առցանցի մասին կարող ենք քննարկել, հասկանալ, եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ինչո՞ւ ոչ»։

Հիշեցնենք, որ 36 օր է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս