Նախկին ռեժիմով, բայց նույն առաջնահերթությամբ

Դեկտեմբերի 12–ին ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքի փակումից հետո, 168.am-ը որոշում կայացրեց լուսաբանել բացառապես Արցախի և Բերձորի միջանցքի փակմանը վերաբերող իրադարձությունները, որպեսզի մեր հայրենակիցների կյանքի ճանապարհի փակման խնդիրը չստվերվի այլ թեմաների ներկայացմամբ։

Ուղիղ մեկ ամիս մենք աշխատեցինք այդ ռեժիմով, ինչը, մի կողմից՝ արդարացված էր և օգնեց առնվազն մեր լրատվամիջոցի շրջանակներում ուշադրությունն ամբողջությամբ սևեռել Բերձորի միջանցքի փակման հարցին, մյուս կողմից, սակայն, մեզ որոշակիորեն սահմանափակեց, քանի որ այդ որոշման պատճառով չէինք լուսաբանում իրադարձություններ, որոնք առաջին հայացքից չլինելով կապված Բերձորի միջանցքի հետ, այդուհանդերձ առնչվում են այդ խնդրին։

Հաշվի առնելով այս իրողությունները, մենք այսօրվանից սկսած անցնում ենք աշխատանքի բնականոն ռեժիմի, ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, որ դադարելու ենք առաջնային կարևորությամբ լուսաբանել Բերձորի միջանցքի, Արցախի, արցախահայության խնդիրները։

Ինչպես անցած մեկ ամսում, այսուհետ ևս այդ հարցերը լինելու են մեզ համար առաջնայինն ու կարևորագույնը, պարզապես դրանց զուգահեռ՝ կներկայացնենք նաև այլ իրադարձություններին վերաբերող տեղեկություններ։ Հատկապես վերջին օրերին ավելի ամրապնդվող այն տպավորության համատեքստում, որ իշխանությունները՝ կարծես օգտվելով Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակից և դրա վրա բևեռված ուշադրությունից, Հայաստանում կյանքի են կոչում տարբեր նախաձեռնություններ, որոնք այլ պայմաններում կարող էին արժանանալ հանրային մեծ հակազդեցության։ Դրանց մենք կանդրադառնանք առաջիկայում։

Բերձորի միջանցքը պետք է ժամ առաջ բացվի, և մենք՝ որպես լրատվամիջոց, անելու ենք առավելագույնը՝ այդ նպատակին հասնելու համար։

Կամք և տոկունություն Արցախի մեր հայրենակիցներին։   

168.am

Տեսանյութեր

Լրահոս