«Արցախում կա անհրաժեշտ դեղորայքի խնդիր․ պլանային վիրահատությունները դադարեցված են»․ Մհեր Մուսաելյան

Թշնամի պետության կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 32 օր շարունակ փակ պահելու թեմայով  հունվարի 12-ին, կազմակերպվել էր «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ստեփանակերտում և Երևանում:

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսաելյանը ներկայացրեց առողջապահական ոլորտում առաջացած խնդիրները․

«Արցախում կա անհրաժեշտ դեղորայքի խնդիր։ Պետք է նշենք, որ մինչև շրջափակումը մենք բոլոր դեղորայքների ձեռքբերումն իրականացնում էինք Հայաստանի Հանրապետությունից և այս պարագայում չենք կարող այդ աղբյուրներից օգտվել, ինչը բացասական ազդեցություն կունենա մեր բնակչության առողջության վրա։

Պետք է նշեմ, որ կան մարդիկ, որոնք որոշակի հաճախականությամբ մեկնում էին Հայաստանի Հնարապետություն կամ արտերկիր՝ քիմիոթերապիայի, լազերային կամ ճառագայթային բուժման համար, այդ մարդիկ ևս հնարավորություն չունեն շարունակելու իրենց բուժումն այդ երկրներում»։

Կարդացեք նաև

Մհեր Մուսաելյանն ասաց, որ թշնամու կողմից ճանապարհը փակելուց մինչ օրս Կարմիր խաչի օգնությամբ հնարավոր է եղել միայն 16 պացիենտի տեղափոխել Հայաստան, քանի որ Արցախի բոլոր հիվանդանոցներում դադարեցված են պլանային վիրահատությունները։

«Դադարեցրել ենք, որպեսզի կարողանանք մեր պահուստային դեղորայքն ուղղենք սուր դեպքերին և կարողանանք գոյատևել ավելի երկար։ Հանրապետական ԲԿ-ում մինչ այս իրավիճակը մենք ամսական իրականացնում էինք 250 վիրահատություն, իսկ այս ժամանակահատվածում իրականացրել ենք 92 վիրահատություն՝ բոլորը սուր ցուցումներով․․․»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս