Արցախը հումանիտար ճգնաժամի առջև է․ ԱԳ փոխնախարարը Չեխիայի դեսպանին է ներկայացրել շրջափակման հետևանքը
Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Պիրունչիկին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք այս պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և բարեկամ Չեխիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, ներառյալ համագործակցությունը Եվրոպական Միության շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևությունը հարաբերությունների խորացման գործում։
Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը: