«Ո՛չ, մենք չենք կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն»․ Փաշինյան
Պաշտոնական Երևանն ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց Նիկոլ Փաշինյանին։
«Այդ հարցում կա բավականին լայն կոնսենսուս, մենք այսօր առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը խոսի այդ բոլոր թեմաների մասին։ Իրե՛նք պետք է խոսեն, իրենք պետք է որոշումներ կայացնե՛ն, և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով։
Մենք այսօր ի՞նչ ենք անում, մենք այսօր ապահովում ենք հումանիտար հարցերով, ֆինանսական հարցերով, ինչով կարողանանք՝ աջակցելու ենք, և մեր դիրքորոշումը միշտ եղել է դա։ Կարծում ենք, որ հաջորդ խնդիրներից մեկը, որն էական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, որ մենք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացից դրել ենք մի կողմ, ասել ենք՝ մենք կորոշենք իրենց փոխարեն, ո՛չ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն։ Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, մենք էլ իրենց պետք է աջակցենք։ Սա՛ է մեր դիրքորոշումը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում