Չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից. Փաշինյանը՝ հրաժարական տալու մասին
«2018 թվականից հետո ես երկու անգամ հրաժարական եմ տվել. մի անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերին, կարծեմ, մի անգամ էլ՝ 2021 թվականի մայիսին, կարծեմ: Ինչ վերաբերում է իշխանությանը հավակնելուն, ես էլի եմ ասում՝ մենք և ես ժողովրդից ստացած իշխանությունը չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ-ասել՝ ո՞վ է ուզում, վերցրեք»,- հրավիրված ասուլիսում անդրադառնալով իր հրաժարականի մասին հարցադրմանը՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Այս առնչությամբ նա մատնանշեց նաև ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունները և այդ առնչությամբ միջազգային գնահատականները, ըստ որոնց՝ դրանք անց են կացվել ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան:
«Եվ ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետև ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչը որ մինչ այս պահն է տեղի ունեցել, այլև նրա համար, ինչը որ սրանից հետո է տեղի ունենալու, ու ես այդ պատասխանատվությունը պատրաստվում եմ կրել մինչև այն պահը, երբ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ այլևս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: