«Կա նպատակ՝ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ». Փաշինյան
«Կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը և նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետև դուք տեսնում եք, թե ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը»,- հունվարի 10-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ հրապարակումների, պայմավորվածությունների փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն այլ բան է ուզում։
Փաշինյանի խոսքով, երբ փորձել են հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանն այդպես վարվում, փորձագետներից են պատասխաններ ստացել․
«Կան մարդիկ՝ փորձագետներ, որոնք հետևյալն են ասում, որ Ադրբեջանն այդպես վարվում է, որովհետև մտածում է, թե հայերն էլ իրենց հերթին ուզում են վերացնել ադրբեջանական պետությունը։ Այդ փորձագետներն էլ ասում են, որ Ադրբեջանն էլ իր համար ունի հիմնավորումներ այդ համատեքստը զարգացնելու համար։
Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար, այդ թվում՝ կրթական համակարգով, ատելության խոսք է զարգացնում, երբ փորձում ենք հասկանալ, թե ինչո՞ւ են նրանք այդպես վարվում, փորձագետներն ասում են, որ նրանք էլ մեր գործողություններում են տեսնում որոշակի այդպիսի դրսևորումներ․․․»։
Անդրադառնալով 30 օր Բերձորի միջանցքը թշնամու կողմից փակելու հանգամանքին, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, Փաշինյանն ասաց՝ հարցի կարգավորման իր տեսլականը հետևյալն է․
«Մեծ հաշվով, Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը թղթի վրա գրված է՝ սևով սպիտակի վրա։ Մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Այս հարցին այլ տեսակետից էլ պետք է նայենք, սա նաև սադրանք է, որն ունի 2 նպատակ։ Առաջինը՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների կամքը՝ ապրել սեփական տանը, սեփական հայրենիքում, երկրորդ՝ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում