Ինչքան ցույց ուզում եք արեք, բացեք Քարվաճառի ճանապարհը, մենք գնում ենք. Արամ Օրբելյան

«Ցուցարարները կանգնած են Շուշիի տակ: Արցախ գնացող մի քանի ճանապարհներ կան: Ակնհայտորեն պետք է բարձրացվի այն հարցը, որ քանի դեռ Շուշիի ճանապարհին կանգնած են էկո-ցուցարարները, թող նրանք ինչքան ուզում են, անեն իրենց ցույցը, ռուսական զորախումբը թող կանգնի, բացեք Քարվաճառի, Հորադիզի կամ մեկ այլ այլընտրանքային ճանապարհ, որ երթևեկությունը չընդհատվի, եթե այդ ակցիան, ինչպես պնդում եք, Ադրբեջանի իշխանությունները չեն կազմակերպել»,- 168.am-ի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:

Ըստ նրա՝ մյուս տարբերակը, ինչպես նշվեց, օդային ճանապարհի բացումն է. թող անեն իրենց ցույցը, բայց օդանավերը պետք է թռչեն:

«Այսինքն՝ շատ հստակ հարց, որն Ադրբեջանը չի կարող ասել՝ ինձնից կախված չէ: Հակառակ դեպքում մենք պետք է Ադրբեջանին ասենք՝ արի դու իրականացրու քո իրավասությունը, քո ոստիկաններին ուղարկի ու այդ մարդկանց այդտեղից ցրի: Ադրբեջանը դրան է սպասում»,- ասաց Արամ Օրբելյանը:

Վերջինս պնդեց՝ խնդիրը ճանապարհի հենց հիմա բաց լինելը չէ, այլ անխափան երթևեկությունը, հետևաբար՝ թող ապահովեն Քարվաճառով անխափան երթևեկությունը կամ օդային տրանսպորտի աշխատանքը:

Կարդացեք նաև

«Կարելի է քննարկել Ադրբեջանի գործով միջազգային դատարան ստեղծելու հարցը: Ճիշտ է, ՄԱԿ-ը հիմա փորձում է այդ ուղղությամբ առաջ չգնալ, որովհետև կա ՄԱԿ-ի միջազգային դատարան: Կարելի է քննարկել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քրեական պատասխանատվության հարցն ուղղակի սովորական քրեական օրենսգրքերի շրջանակներում: Գիտեմ, որ եղել են բազմաթիվ քննարկումներ, բայց կառավարությունը ձեռնպահ է մնում գործողություններից: Այդտեղ կարելի է քննարկել ադրբեջանական ակտիվների լրջագույն սառեցման հնարավորությունը տարբեր երկրներում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Ըստ նրա՝ բացի միջազգային իրավական գործընթացներից, կարող են լինել նաև բավականին հետաքրքիր ներպետական գործընթացներ, բայց դրա համար անհրաժեշտ է, որ որոշում կայացնող մարդիկ ընկալեն՝ իրենք պարտավոր են առաջնորդվել այն փաստով, որ Արցախն ինքնորոշվել է ու անկախ պետություն է կամ առնվազն Հայաստանի մաս է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս