«Մենք ամեն ինչ անում ենք՝ անմիջապես աշխատելով իշխանությունների հետ». Զառա Ամատունի
27-րդ օրն է՝ Արցախն ադրբեջանական շրջափակման մեջ է՝ զրկված կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից։
Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայությանը հումանիտար աջակցություն հասցնելու համար այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ բանակցություն վարո՞ւմ է, թե՞ ոչ։
168.am–ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին պատասխանելով հարցին՝ նշեց, որ իրավիճակի առնչությամբ առաջին իսկ օրվանից Կարմիր խաչը հայտնել է իր պատրաստակամությունը՝ միջնորդական դերի ներքո օգտակար լինել։
«Այս ընթացքում 10 տոննայից ավելի դեղորայք կարողացել ենք փոխանցել տեղի կառույցներին։ Ինչ վերաբերում է ընթացիկ և ապա գործողություններին, ապա սա ավելի շատ վերաբերում է կողմերի հետ համաձայնեցմանը, որովհետև մեր նախաձեռնությամբ չենք կարող հանդես գալ, մենք նախաձեռնությամբ հանդես ենք եկել՝ մեր պատրաստակամությունը հայտնելու վերաբերյալ։
Ինչ վերաբերում է՝ նախաձեռնել ու որոշել, թե ի՞նչ ու ինչպե՞ս տեղափոխել, ապա ասեմ, որ նման որոշումը կողմերի ձեռքերում է, կոնկրետ կառույցների, որոնք որոշում են կայացնում քանակի, առաջնայնությունների մասին, և այլն։
Իսկ հետագայի հետ կապված, ասեմ, որ մենք սովորաբար հետագայի վերաբերյալ չենք մեկնաբանում, խոսում ենք միայն արված գործի մասին, այսինքն՝ չեմ կարող ասել, թե ինչի մասին ենք խոսում։ Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ նշել՝ մենք չենք որոշում՝ ինչ տեղափոխել, 10 տոննայի դեպքում մենք տրամադրել ենք փոխադրամիջոց ու տեղափոխել ենք։ Մենք ամեն ինչ անում ենք՝ անմիջապես աշխատելով իշխանությունների հետ, այսինքն՝ երրորդ կողմերի հետ չենք աշխատում»,- եզրափակեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է: