«Ելքը միայն համախմբման, միասնության, հավատքի, Աստծո հետ ու Աստծո ձեռքը բռնելու մեջ է». Տեր Անդրեաս քահանա Թավադյան
Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում եկեղեցական տոներն ու ծիսակատարությունները բաց չեն թողնում։ Շրջափակված արցախահայությունն այս պահին ապավինել է իր ուժին ու Աստծուն։
168.am-ի հետ զրույցում Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի, նաև Սուրբ ծննդյան տոնի պատարագի մասին, նշեց, որ Արցախի շրջափակումը եկեղեցու գործունեության վրա չի ազդել, միակ խնդիրն այն է, որ դիզվառելիքի խնդիր կա, և քահանաները չեն կարողանում բոլոր գյուղերի եկեղեցիներ գնալ ու պատարագ մատուցել։
«Այս առումով խնդիր է ստեղծվել, քանի որ քահանաների տեղաշարժը սահմանափակվել է։ Պետք է գնանք գյուղերը, Ջրօրհնեք անենք, բայց շատ տեղեր չենք կարողանալու, որովհետև դիզվառելիքի խնդիր կա։ Բայց մնացած առումներով ապրում ենք այնպես, ինչպես ժողովուրդը, պետք է դիմանանք։ Այսինքն՝ թեմի գործունեությունը, հոգևոր գործունեությունը սրանից զատ չի խաթարվել»,- նշեց քահանան։
Նա նաև տեղեկացրեց, որ Արցախի թեմի հոգևոր հայրերից մի քանի հոգի Արցախի շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանում, ուստի պետք է նրանց հովվական համայնքներ էլ այցելեն և պատարագ մատուցեն։
«Հիմա այստեղ մնացյալ քահանաներով պետք է մեր հովվական վայրերում պատարագ մատուցելուց զատ, այցելենք նաև այդ վայրեր։ Պիտի փորձենք ամեն ինչ հասցնել, միայն վաղվա օրվանով չպետք է բավարարվենք, մյուս օրերին ևս պետք է Ջրօրհնեք անենք այն համայնքներում, որտեղ վաղը չենք հասցնի»,- հավելեց քահանան։
Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը, քահանայի կարծիքով՝ միասնականության ու միաբանության մեջ է։
«Հիմա որ ասեմ, կարող է ընկալվել՝ որպես ամպագոռգոռ խոսքեր, բայց սրա մասին ես միշտ էլ ասել եմ՝ ելքը միայն համախմբման և միասնության, հավատքի մեջ է, Աստծո հետ ու Աստծո ձեռքը բռնելու, մարդասիրության մեջ է։ Մարդիկ պետք է դառնան դեպի Աստված, Աստված չի լքի, նրանց չի թողնի, անպայման օգնության կհասնի։ Պետք է հետ կանգնենք արևմտյան, եվրոպական արժեքներից և հետևենք ճշմարիտ Աստծուն, և ամեն ինչ լավ կլինի։ Մենք մեր հավատի մեջ պետք է ամուր լինենք, ինչպես սրբազանն է ասում՝ դեպի երկինք ճանապարհը բաց է, շրջափակում չունենք, պետք է լցվենք լույսով»,- եզրափակեց քահանան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է: