
«Դիմել ենք ԱՀԿ-ին, ամենօրյա կապի մեջ ենք»․ Անահիտ Ավանեսյանը՝ շրջափակված Արցախում գտնվող պացիենտների մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեցին, թե արդյոք Առողջապահության նախարարությունն ունի՞ լիազորություններ դիմելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ շրջափակված Արցախում գտնվող քաղաքացիների առողջական խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց լուծումներ տալու համար։
«Իհարկե ունի, իհարկե դիմել ենք, ամենօրյա կապի մեջ ենք նաև օպերատիվ իրավիճակը, պացիենտների վերաբերյալ տվյալները հաղորդելու և գործարկում ենք բոլոր մեխանիզմները, որպեսզի միջազգային կառույցներն իրենց մանդատի շրջանակներում անեն հնարավորինս՝ թե առողջական, թե հումանիտար այս ճգնաժամն ուղղելու առումով։
Պետք է ասեմ, որ և Կարմիր խաչի, և ԱՀԿ-ի հետ մենք ամենօրյա գործակցության մեջ ենք, և պացիենտների տեղափոխության հետ կապված էլ Կարմիր խաչն ակտիվ ընդգրկված է գործընթացներին։
Այս պահին Հայաստանում գտնվող արցախցի պացիենտների առողջական վիճակը բավարար է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, իհարկե, բոլոր միջոցները կիրառում ենք հնարավորինս լուծումներ տալու դեղորայքային և այլ բժշկական նշանակության ապրանքների ապահովվածության մասով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին Արցախի բուժհաստատություններում կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, և ըստ հնարավորության և անհրաժեշտության կազմակերպում են նաև նրանց տեղափոխումը Հայաստան։