«Սփյուռքի համայնքների ներսում խնդիրներ կան, բայց կարծում եմ, որ հաջորդ շաբաթների ընթացքում կտրուկ ակտիվացում կզգաք»․ Զարեհ Սինանյան

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրեցին, թե Արցախի շրջափակման հետ կապված ի՞նչ քայլեր են արվում սփյուռքում, և արդյոք դրանք նպաստո՞ւմ են խնդրի լուծմանը։

Ի պատասխան՝ Սինանյանն ասաց, որ սփյուռքում գտնվող հայերը տարբեր քայլերի են դիմում, բայց դրանք շատ մեղմ են, և, որ առաջիկայում դրանք ավելի ակտիվ փուլ կմտնեն։

«Գիտեմ, որ հանրությունն ակնկալում էր ավելի բուռն արձագանք, ինչպիսին կար պատերազմի ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը շատ ավելի մեղմ է։ Դա կապված է շատ գործոնների հետ, ներառյալ՝ այս ժամանակը համընկել է տոների հետ, ինչպես նաև ինքնակազմակերպման խնդիրներ կան, համայնքների ներսում էլ խնդիրներ կան, բայց ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթների ընթացքում դուք կտրուկ ակտիվացում կզգաք նաև սփյուռքում, դա արդեն սկսվել է։

Երեկ Լոս Անջելեսի քաղաքապետի առանձնատան մոտ մեծ ակցիա էր տեղի ունեցել, որի արդյունքում քաղաքապետը հստակ հայտարարություն արեց և խոստացավ միանալ ավելի լայն աշխատանքների շրջանակին, որպեսզի ԱՄՆ-ը մի քիչ ավելի ներգրավված լինի Բերձորի միջանցքի բացմանը։

Կարդացեք նաև

Անցած կիրակի օրը հավաք տեղի ունեցավ Փարիզում, ամսի 10-ին ավելի մեծ հավաք է լինելու, և սա լինելու է շարունակական։

Աշխատանքը տարբեր մակարդակներով տեղի է ունենում, մենք մեր ռեսուրսները մոբիլիզացրել ենք, ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլև մեր սփյուռքի երիտասարդ դեսպաններն են բոլոր երկրներում ակտիվ աշխատում»։

Տեսանյութեր

Լրահոս