«Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը»․ Փաշինյան
«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը՝ միջանցքն ապաշրջափակելու կոչերը, միջազգային լայն արձագանք է հարուցել։ Չնայած սրան, Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։
Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ՝ ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում, և միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։
Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին իր որոշմամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել և այն արդեն մի քանի նիստ է արել, ապա հավելեց, որ իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներն ու գործունեությունը կշարունակի, որքան անհրաժեշտ է։
Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին՝ Փաշինյանն ասաց․
«Պիտի կրկին վերահաստատեմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ:
Պիտի ընդգծեմ նաև, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում