«H1N1 շրջանառվող շտամը բավականին վտանգավոր է, կարևոր է ժամանակին պատվաստվելը». Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ վերջին շրջանում «Օմիկրոնի» առումով, որը շրջանառվող գլխավոր շտամներից է՝ բավականին հանգիստ իրավիճակ է։
«Այո, այս տարի կորոնավիրուսից հետո արդեն նկատելի է սուր շնչառական վարակների ակտիվացում, մենք շատ լավ հիշում ենք, որ կորոնավիրուսի 2020-2021 թվականներին հիվանդացության բեռը բավականին նվազ էր։ Այս տարի նկատում ենք նախաքովիդյան շրջանի ցուցանիշները։ Պետք է ասեմ, որ նորմայից շեղված ցուցանիշներ չունենք, այն սեզոնային ակտիվության շրջանակների մեջ է։ Մենք հստակ ու ակտիվ մոնիտորինգ ենք իրականացնում, թե դպրոցներում իրավիճակն ինչպիսին է, պոլիկլինիկաներում, մեր մանկական բաժանմունքներում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի, օրեր առաջ հայտնել էր, որ այս տարի կա նաև H1N1 շրջանառվող շտամը, որը բավականին վտանգավոր շտամ է։ Խրոնիկ հիվանդություն ունեցողների, հղիների, երեխաների համար այն բավականին մտահոգիչ է։
«Եվս մեկ անգամ շեշտադրում ու հորդորում եմ, որպեսզի մեր քաղաքացիները գրիպի դեմ ևս պատվաստվեն։ Պատվաստանյութերը ներառում են հենց այս վտանգավոր շտամների դեմ հակամարմիններ, և շատ կարևոր է դա ճիշտ ժամանակին կատարելու համար։
Կորոնավիրուսն ու H1N1-ը տարբեր վիրուսներ են, սակայն կարող են ունենալ նույն ախտանշաները, ուստի, եթե կան ախտանշաններ, կարևոր է թեստավորվել, որն անվճար է պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում