«Գարնանը իշխանափոխություն կլինի». Մհեր Մկրտչյան
«Եթե չեն կարողանում մարսել «Իշխանություն 2» ֆիլմը, ուրեմն՝ ինչ-որ բան ստացվել է ինձ մոտ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեղեկատվությանը, թե առաջիկայում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն՝ իր հաստիքը:
Իշխանության աջակիցները նույնիսկ բողոքի ակցիա էին կազմակերպել «Իշխանություն 2» ֆիլմի դեմ, բայց այդ ակցիային մասնակցում էր 5-10 հոգի:
«Այդ ակցիայի մասնակիցները խոստացան վառել պաստառները, հետո ֆիլմի ռեժիսորին, սցենարիստին, պրոդյուսերին, երեքն էլ ես եմ, պաստառները կախված են, ես վառված չեմ, ձեր դիմաց նստած եմ»,- նշեց Մհեր Մկրտչյանը:
Ռեժիսորը բացատրություն չունի, թե ինչու են իշխանությունները սվիններով ընդունել ֆիլմը. «Երևի, «Իշխանություն 2»-ը շատ ավելի ցավոտ է դիպչել նրանց, երևի «Իշխանություն 1»-ը, որը անցյալի, կատարվածի մասին է, լինելով, իհարկե, գեղարվեստական ֆիլմ, այդքան չի դիպչել, ինչքան «Իշխանություն 2»-ը: Այլ բացատրություն չունեմ: Ես պատրաստ եմ եղել այդ ամենին հենց առաջին օրվանից, այնպես չէ, որ զարմացա արձագանքից, ոչ մի անսովոր բան չկա»:
Նա «Իշխանություն» ֆիլմի պատմությունը ավարտված է համարում, հետևաբար՝ ֆիլմը շարունակություն չի ունենալու:
Հարցին՝ իսկ մեր իրականությունը ե՞րբ կավարտվի, նա պատասխանեց. «Հուսով եմ՝ գարնանը»:
Ճշտեցինք՝ ինչո՞ւ հենց գարնանը, օրերը կտաքանան, ընդդիմությունը փողոց դուրս կգա՞:
«Արդեն այն ամենը, ինչ կապված է ընդդիմության և օրերի տաքանալու հետ, ես չեմ հավատում, որովհետև օրերը և՛ տաքացել են, և՛ ցրտել են, դա չէ խնդիրը: Գարնանը, որովհետև աշունն արդեն ավարտվեց, ձմեռը նույնպես շուտ կանցնի: Պատճառը եղանակը չէ և չի լինի երբեք: Մարդկանց մեջ ես տեսնում եմ գիտակցության փոփոխություն, ես ուզում եմ դա տեսնել նաև ընդդիմության մեջ: Պատկերացրեք՝ մի ֆուտբոլի թիմ, որտեղ տարիներ շարունակ ամեն ինչ սխալ է, հարձակվողները վատ են հարձակվում՝ գոլ չեն խփում, պաշտպանողները վատ են պաշտպանում, դարպասապահը վատն է, ամեն ինչ շատ վատ է, ու չորս տարի նույն բանը շարունակվում է, ինչ-որ բան պետք է փոխվի՞, թե՞ ոչ»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործողություններ է ակնկալում ընդդիմությունից:
«Ես՝ որպես քաղաքացի, պատրաստ եմ դուրս գալ փողոց, բայց երբ տեսնեմ լուրջ ինչ-որ բան, ոչ թե անիմաստ քննարկում, 509-րդ անգամ լսել այն մասին, որ Նիկոլն այս արեց, այն արեց, ես արդեն թքած ունեմ, գիտեմ այդ ամենի մասին: Եթե ընդդիմությունն այսպես շարունակի հասարակությանը տեղեկացնել, մի 30 տարի հետո կանի իշխանափոխություն»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով՝ հավատում է, որ գարնանն իշխանափոխություն կլինի:
«Իշխանություն 2» ֆիլմի կարևոր գաղափարը նա համարում է անձնազոհության պատրաստ լինելը, չվախենալը և հավատալը:
Ֆիլմի վերաբերյալ մամուլում հրապարակումներ էին եղել, թե իշխանությունները պատրաստվում են իրավական գործընթաց սկսել «Իշխանություն 2» ֆիլմի ռեժիսորի դեմ: Մհեր Մկրտչյանն ասաց, որ այդ մասին միայն խոսակցություններ է լսել, իրավապահները իրեն դեռ չեն անհանգստացրել. «Սպառնալիքներն ինձ հասել են, բայց դեռ որևէ քայլ, որ ես կարող եմ տեսնել, դեռ ոչ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում