Մելինե Դալուզյանի մասին ֆիլմը նկարել են, բայց դեռ չեն պատրաստվում ցուցադրել
2019թ. հոկտեմբեր ամսին տեղեկություն տարածվեց, որ ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում, որը պատմելու է սեռափոխված հայ ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Մելինե (Մել) Դալուզյանի մասին։
Նշենք, որ «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է եղել:
168.am-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե արդյո՞ք ավարտվել են ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանումները: Կառավարությունը որքա՞ն գումար էր հատկացրել ֆիլմի նկարահանման համար, ֆիլմի նկարահանման հիմնական ֆինանսավորումն արդյո՞ք արտերկրից պետք է արվեր, եթե այո, ապա ո՞ր երկրից, ո՞ւմ կողմից:
ԿԳՄՍ նախարարությունից պատասխանել են, որ Մել» խաղարկային-վավերագրական ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2020 թվականին: Ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 20 միլիոն դրամ: Այն նկարահանվել է Նիդեռլանդների Թագավորության և Ճապոնիայի հետ համարտադրությամբ:
Համարտադրողների մասնակցության չափը կազմում է 118 միլիոն 900 հազար դրամ:
Նախարարությունից հայտնել են նաև, որ ֆիլմի իրավունքները պատկանում են «Բարս Մեդիա» ընկերությանը:
Կապ հաստատեցինք նաև «Բարս Մեդիա» ընկերության հետ, և պրոդյուսերներից մեկը, ով ներկայացավ Մարիամ անունով, մեր հարցին՝ ֆիլմը ցուցադրվե՞լ է, եթե ոչ, ապա ի՞նչ խնդիրներ կան, պատասխանեց.
«Ոչ մի խնդիր չկա, իսկ ֆիլմը դեռ չի ցուցադրվել: Պատճառ չկա, ուղղակի դեռ չենք պատրաստվում ցուցադրել, այդպիսի պլաններ չունենք, եթե լինեն՝ անպայման բոլորդ կտեղեկանաք: Մենք հիմա աշխատում ենք այլ՝ «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ուղղությամբ»: