
Արցախի Դատախազությունը վարույթ է հարուցել ԱՀ ԱԱԾ նախկին պետ Կամո Աղաջանյանի նկատմամբ

Արցախի Հանրապետության դատախազություն հաղորդագրություն է տարածել տեղեկացնելով, որ լրատվամիջոցներից մեկի հրապարակման կապակցությամբ, որում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ, քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ինչպես նշել են դատախազությունից` այսօր «hetq.am» կայքում հրապարակվել էր «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը նշել էր նաև հետևյալը. «Ահա մի դրվագ նրա գործունեությունից: Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին։
Այստեղ աշխատում էր նրա մտերիմ Աշոտ Ամիրջանյանը:
Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է ստացել տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Կ.Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից:
Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը: Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված, խանութներ, սննդի կետեր»:
Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ, ուստի հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար: