«Ուզում եմ իմանաք՝ օրենքն ընդունելու արդյունքում մեր երկիրը վարկաբեկվելու է». Գուրգեն Արսենյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր, այդ թվում՝ «Հարկային օրենսգրքում»։
Նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում էր Ակցիզային հարկի մի մասի վերադարձմանը, որն այդքան էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի սրտով չէր։
Դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին, Գուրգեն Արսենյանը նշեց, որ ակցիզային հարկի շրջանառության կամ ենթակայության տակ գործող ապրանքների արտահանումը տնտեսվարողի խնդիրն է, այլ ոչ թե պետության։
«Մենք այս պահին, այս օրենքն ընդունելով՝ դառնում ենք մի պրոցեսի մասնակից, որի արդյունքում վարկաբեկվելու է մեր երկիրը։ Եթե դա իրականացնում է տնտեսվարողը, ապա դա իր ռիսկն ու պատասխանատվությունն է, երբ մենք սկսում ենք նրան վերադարձնել ակցիզային հարկի մի մասը, նշանակում է՝ դառնում ենք խրախուսող մի գործոն, որը կոչվում է, լավ, անունը չեմ ուզում տալ, ինչ է կոչվում, լրացման ժամանակ կասեմ»,- նշեց Գուրգեն Արսենյանը։
Պատգամավորի գնահատականներին արձագանքելով՝ ֆինանսների փոխնախարարն ասաց, որ համաձայն չէ նրա գնահատականի ու հայտնած մտահոգությունների հետ, ավելին՝ միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, ըստ որի՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների ներմուծման և հետագա վերարտահանման ժամանակ վերադարձվում է ամբողջը կամ ամբողջին մոտ ակցիզային հարկը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում