Բաժիններ՝

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո փրկարարները փորձում են հասնել փլատակների տակ մնացած մարդկանց:

Ըստ Ինդոնեզիայի աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալության՝ փրկարարների աշխատանքը դժվարացել է հոսանքազրկումների, վնասված ճանապարհների և երկրաշարժին հաջորդած ավելի քան 80 հետցնցումների պատճառով:

Ցնցումները զգացվել են նույնիսկ 100 կմ հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Ջակարտայում, որտեղ բարձրահարկ շենքերը ճոճվել են:

Երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացել են սողանքներ, վնասվել են բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ հազարավոր տներ: Արևմտյան Ճավայի նահանգապետ Դիվան Քամիլը հայտնել է, որ զոհերից շատերը երեխաներ են:

«Իշխանությունները գործում են այն մտավախությամբ, որ վիրավորների և զոհերի թիվը կավելանա», Քամիլի խոսքերն է փոխանցում The Guardian պարբերականը:

Ըստ «Փրկենք երեխաներին» կազմակերպության կողմից վկայակոչված տվյալների՝ երկրաշարժից տուժել է շուրջ 51 կրթական հաստատություն:

Ինդոնեզիան շատ խոցելի է երկրաշարժների հանդեպ, քանի որ գտնվում է խաղաղօվկիանոսյան «հրե օղակի» վրա, որն աշխարհում ամենաակտիվ սեյսմիկ և հրաբխային գոտին է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի: 326 բնակիչներ ծանր վնասվածքներ են ստացել, 13784 քաղաքացի տարհանվել է: Զոհերի շրջանում դպրոցականների մեծ թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրաշարժից մեծապես տուժած թաղամասում դպրոցները շատ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս