Քրիստոնեական սիրո ընկալումը Հովհաննես առաքյալի թղթում
Ինչպե՞ս է Հովհաննես առաքյալն ընկալում քրիստոնեական սերը։
Հովհաննես առաքյալը հեղինակել է Ավետարանը, առաքելական երեք թղթեր և Հայտնությունը, որը հիմնականում պատմում է աշխարհի վախճանի դեպքերի մասին: Հովհաննես առաքյալը կոչվում է սիրո ավետարանիչ, և «սեր» հասկացությանը կամ սիրո քրիստոնեական ընկալմանը հանգամանորեն անդրադարձել է հատկապես իր առաքելական առաջին թղթում: Նրա առաջին թղթի ընթերցանությունից պարզ է դառնում, որ առաքյալը «սեր» հասկացությամբ նկատի ունի ոչ թե միջանձնական հարաբերություններում առկա զգացմունքը, ոչ թե տարբեր սեռերի կողմից միմյանց հանդեպ զգացական դրսևորումները, այլ դրանցից ավելի վեր եղող քրիստոնեական սերը: Տեսնում ենք, որ առաքյալի ընկալմամբ քրիստոնեական սերն առնչվում է ոչ թե զգացական ոլորտին, այլ ավելի վեր է դրանից և առնչվում է հոգևոր ոլորտին կամ սկզբնավորվում հոգևոր ոլորտից:
Ինչպե՞ս է Հովհաննես առաքյալը բացատրում քրիստոնեական սերը:
Սիրո ընկալումը բացատրելու համար առաքյալը բերում է զուգորդություններ ու հակադրություններ: Կարող ենք տեսնել համարժեք երևույթների կամ իրողությունների համադրություններ ու հակադրություններ, ինչպես նաև ոչ համարժեք իրողությունների հակադրություններ, ինչպես օրինակ` լույս-խավար, սեր-ատելություն: Լույսը և խավարը համարժեք են այն առումով, որ տեսանելի կամ տեսանելիքին առնչվող երևույթ են, իսկ սերը և ատելությունն արդեն ոչ տեսանելի իրողություններ են: Ոչ համարժեք հակադրություն է, երբ հակադրվում են լույսը և ատելությունը` մեկը տեսանելի, մյուսը ոչ տեսանելի և զգացմունքային ոլորտին վերաբերող:
Առաքյալն ասում է. «Աստված լույս է և Նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա: Եթե ասում ենք, որ հաղորդության մեջ ենք Նրա հետ, բայց խավարի մեջ ենք ընթանում, ուրեմն ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում» (1.5-6): Այստեղ տեսնում ենք լույս և խավար համարժեքների հակադրությունը: Առաքյալը նաև նշում է. «Եթե մեկն ասում է, որ լույսի մեջ է, բայց ատում է իր եղբորը, սուտ է, և դեռևս խավարի մեջ է» (2.9): Այստեղ զուգորդված են ոչ համարժեք լույսը և ատելությունը, իսկ խավարը նշվում է որպես սիրո բացակայություն կամ ատելության ներկայություն:
Որն է առաքյալի` «Աստված լույս է», «Աստված սեր է» խոսքի իմաստը:
Աստված լույս է (1.5), Աստված սեր է (4.8, 16): Հովհաննես առաքյալի այս հայտնի արտահայտությունների կողքին կա նաև այս պատկերացումը` մարդը որպես լույս և մարդը որպես սեր: Հովհաննեսն իր Ավետարանում մեջբերում է Քրիստոսի խոսքը. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 8.12): Բայց Քրիստոս նաև ասում է Իր առաքյալներին, քրիստոնյաներին. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5.14): Ուրեմն, մի տեղ` Ես եմ լույսը աշխարհի, մեկ այլ տեղ` դուք եք լույսը աշխարհի: Քրիստոսի լույս լինելու այս խոսքերն ապացույցներից են Տիրոջ աստվածության` առաքելական թղթի արտահայտության համեմատությամբ, որտեղ Աստված ներկայացվում է որպես լույս:
Քրիստոս լույս և Աստված լույս արտահայտությունները բերում են լույսի հատկությունն ունեցողի աստվածության գաղափարը: Առաքյալն Աստծուն ներկայացնում է որպես լույս և սեր ըստ էության, իսկ մարդն այդպիսին է ոչ թե ըստ էության, այլ ըստ փոխառության: Երբ հաղորդվում ենք լույսի հետ, լուսավորվում ենք, երբ հաղորդվում ենք սիրո հետ, լցվում ենք սիրով: Առաքելական թղթի խոսքը` «Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք Նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում» (1.6), ցույց է տալիս, որ Հովհաննես առաքյալը հասկանում է Աստծո հետ կենդանի հաղորդակցությամբ, հոգևոր փորձառությամբ այդ լույսի և դրա հատկությունների ձեռքբերումը, շնորհների ստացումը:
Պե՞տք է քրիստոնյան սիրի այս աշխարհը և բոլոր մարդկանց:
Հովհաննես առաքյալն իր թղթում տալիս է նաև աշխարհի հանդեպ սիրո դրսևորման պատկերացումը: Պե՞տք է սիրել աշխարհը, թե՞ ոչ: Առաքելական թղթում պատասխանը միանշանակ է և ժխտական` աշխարհը սիրել պետք չէ: Առաքյալն ասում է. «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ` ինչ-որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ» (2.15-16): Այս ասելով` առաքյալը կարծես հակասում է ինքն իրեն: Հովհաննես առաքյալը, ով նույն ինքը Հովհաննես Ավետարանիչն է, իր Ավետարանում նշյալ խոսքի բոլորովին հակառակն է ասում. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (3.16): Մի տեղ ասում է` Աստված այնքան սիրեց աշխարհը, մեկ այլ տեղ` մի՛ սիրեք աշխարհը, մի տեղ աշխարհի հանդեպ սերը ներկայանում է դրական իմաստով, մյուս տեղում` բացասական: Պետք է իմանալ, որ առաքյալի բառապաշարում «աշխարհը» տարբեր իմաստներ ունի: Այն նախ նշանակում է մարդկությունը, առկա դրական երևույթները, բայց նաև նշանակում է աշխարհի արատավոր իրողություններն ու արատները:
Ո՞րն է եղբոր հանդեպ սերը, և ո՞վ է մեր եղբայրը:
Աշխարհի հանդեպ սիրո դրսևորման բացատրությունից հետո առաքյալն ավելի հանգամանալից անդրադառնում է եղբայրների հանդեպ սիրո գաղափարին: Հատկանշական է, որ նա եղբայրների հանդեպ սիրո բացատրությունն սկսում է սպանության պատմությամբ` հիշեցնելով Կայենի կողմից Աբելի սպանության մասին: Առաքյալն ասում է. «Այս է այն պատվիրանը, որ լսեցիք ի սկզբանե` որ սիրե՛նք միմյանց. ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը, որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը` բարի» (3.11-12): Այնուհետև առաքյալը շարունակում է. «Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին: Իսկ ով չի սիրում եղբորը, մնում է մահվան մեջ» (3.14): Ինչի՞ համար է առաքյալը եղբայների հանդեպ սիրո բացատրությունն սկսում եղբայրասպանության պատմությամբ: Ո՞չ արդյոք նրա համար, որ ցույց տա, թե քրիստոնեական սերը տարածվում է անգամ նրանց վրա, ովքեր նույնիսկ մեր հանդեպ չարիք են գործում: Բայց արդյո՞ք այդպիսի մեկը կարող է եղբայր համարվել:
Առաքյալը, եղբոր հանդեպ սիրո մասին խոսելով, չի պարզաբանում «եղբայր» հասկացությունը, քանի որ հատկապես վաղ շրջանի քրիստոնյաները պետք է որ քաջ ծանոթ լինեին Քրիստոսի ուսմունքին, ով բացահայտեց «եղբայր» հասկացության քրիստոնեական ընկալումը: Քրիստոս ընդլայնեց այս հասկացությունը` դուրս բերելով ընտանեկան, արյունակցական սահմաններից, ազգային և նույնիսկ կրոնական պատկանելությունից: Քրիստոնեական ընկալումով պետք է սիրել ոչ միայն նրան, ով արժանի է սիրվելու, այլ իրական քրիստոնյան պետք է սիրի նրան, ում վրա կարող է տարածել իր սերը, գթությունն ու հոգածությունը:
Օրենսգետներից մեկը հարցնում է Քրիստոսին. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Եվ Նա նրան ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»: Սա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով. և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»: Եվ Հիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես» (Ղուկ. 10.25-28): Ղուկաս Ավետարանիչը, ով պատմում է այս մասին, նշում է որ այդ մարդը, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»:
Եվ Քրիստոս նրան պատասխանելու համար անմիջապես պատմեց Բարի սամարացու առակը (29-37): Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում: Ճանապարհին ավազակները հարձակվում են նրա վրա, կողոպտում, վիրավորում: Մարդն այդպես ընկած է մնում գետնին: Կողքով անցնում է քահանան, բայց անտարբերությամբ հեռանում է: Քահանան, եթե նույնիսկ գթասրտություն չունենար, ապա իր կոչման բերումով պարտականություն ուներ գթություն և օգնություն ցուցաբերելու: Ապա գալիս է ղևտացին` տաճարի սպասավորը, ով նույնպես հեռանում է առանց օգնելու:
Հին Կտակարանում հրեաների կողմից ոսկե հորթի դատապարտելի պաշտամունքից հետո ղևտացիները, ովքեր Մովսես մարգարեին օգնեցին արմատախիլ անել նոր ծագած կռապաշտությունը, Մովսեսի կողմից կարգվեցին տաճարին սպասավորության համար (Ելք 32.20, 25-29, Թվ. 3.12): Եվ ահա գալիս է սամարացին: Քրիստոս պատահական չի ընտրել սամարացու կերպարը: Սամարիան Եփրեմի ցեղին բաժին ընկած տարածքն էր: Հրեաների բաբելոնյան գերությունից հետո հակասություն էր առաջ եկել հրեաների և սամարացիների միջև, որովհետև սամարացիներն ընդունում էին միայն Մովսեսի հնգամատյանը և ճիշտ համարում, որ Աստծո պաշտամունքը, զոհաբերությունները լինեին ոչ թե Երուսաղեմում, որը հետո կարգել էր Դավիթ թագավորը, այլ Գարիզին լեռան վրա, ինչպես նախապես սահմանել էր Մովսեսը (Բ Օր. 11.29, Հեսու 8.33, Հովհ. 4.20):
Սամարացիներն արհամարվում էին հրեաների կողմից, և հրեաները նրանց հետ հարաբերություններ չէին պահում: Եվ այս սամարացին օգնություն է ցույց տալիս, խնամք է ցուցաբերում մի մարդու հանդեպ, ով հրեա էր, քանի որ առակում ասվում է, թե նա Երուսաղեմից էր դուրս եկել և իր ճանապարհը սկսել: Առակը պատմելուց հետո Քրիստոս հարցնում է, թե ո՞վ է ընկերը, մերձավորը, և օրենսգետը պատասխանում է. «Նա, ով նրան բարիք արեց» (Ղուկ. 36-37): Սակայն քրիստոնեական տեսանկյունից երկուսն էլ օրինակ են ընկերոջ, մերձավորի: Մեզ ընկեր պետք է համարենք ոչ միայն նրան, ով մեզ բարիք է անում, այլև նրան, ում մենք կարող ենք բարիք գործել: Հետևաբար, պետք է սիրել ոչ միայն նրան, ով արժանի է սիրվելու, այլ նաև բոլոր նրանց, որոնց վրա կարող ենք տարածել սերը, գթասրտությունը, բարեգործությունը:
Ինչպե՞ս հասկանալ եղբայրների համար կյանքը տալու առաքելական խոսքը:
«Պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (3.16),- ասում է Հովհաննես առաքյալը: Սակայն այս խոսքը կարծես թե հակասության մեջ է Քրիստոսի ուսուցման հետ: Քրիստոս ասում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ: Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22.37-39, Մարկ. 12.30-31, Ղուկ. 10.27): Հետևաբար, սահման դրվեց կամ չափը ցույց տրվեց Աստծուն սիրելու և ընկերոջը սիրելու: Ընկերոջը չենք կարող սիրել ամբողջ մտքով, զորությամբ, որովհետև այդպիսի սերը վերապահված է Աստծուն, իսկ ընկերոջ հանդեպ սիրո սահմանն անձի` իր հանդեպ սիրո չափն է: Եթե հակառակ կերպ ենք վարվում, մեկ ուրիշին սիրում ենք անձից ավելի` այն սիրով, որ վերապահված է Աստծուն, ուրեմն այդ մարդը մեզ համար վերածվում է Աստծո, և քրիստոնյաներից վերածվում ենք կռապաշտների, որովհետև աստվածացնում, կուռքի պաշտամունքի ենք հասցնում ինչ որ մեկի հանդեպ սերը:
Կյանքը եղբոր համար տալու պատվիրանն առաքյալը բացատրում է քրիստոսանմանությամբ, ինչպես որ Քրիստոս իր կյանքը տվեց մեզ համար, այնպես և մենք, անհրաժեշտության դեպքում, պետք է մեր կյանքը տանք մեր սիրելիների համար: Այս սկզբունքն է գործում նաև պատերազմների ժամանակ, երբ քրիստոնյաները ելնում են պատերազմելու: Այստեղ ևս վարվում են սիրո սկզբունքով, որովհետև քրիստոնյան ելնում է պատերազմի ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ հանուն ինչ-որ բանի, այսինքն` ինչ-որ վեհագույն բանի կամ մեկի հանդեպ սիրուց ելնում է պաշտպանելու այն, ինչ սիրում է: Այսպես է նաև Եկեղեցու կողմից բացատրվում քրիստոնյաների պատերազմելը, որն իրագործումն է Քրիստոս խոսքի, թե` «ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13):
Պողոս առաքյալը ևս Եփեսացիների թղթում` «Ընտանեկան նոր հարաբերություններ» ենթավերնագրի ներքո, քրիստոսանմանության օրինակով է բացատրում կյանքը մեկի համար տալու քրիստոնեական պատրաստակամությունը` խոսելով կնոջ և ամուսնու հարաբերությունների մասին: Առաքյալն ասում է. «Ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար» (24-25): Ուրեմն, այլ է սիրո չափը ընկերոջ հանդեպ և այլ է Աստծո հանդեպ, և ընկերների կամ սիրելիների համար կյանքը տալը ոչ թե սիրո չափի գերազանցումն է, ինչ-որ մեկի աստվածացումը, այլ քրիստոսանմանության դրսևորում:
Տեր Ադամ քհն. Մակարյան