Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում կառավարությունը
Կառավարությունը հաճախ արդարանում է, որ բյուջեում այդքան փող չկա կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու, սոցիալական այլ հատկացումները, պաշտպանության ու անվտանգության հետ կապված ծախսերն ավելացնելու համար, բայց միայն այս տարվա առաջին 9 ամսում շուրջ 64-65 մլն դոլար տվել է, որպեսզի հասարակության համեմատաբար ապահով և բարձր եկամուտներ ունեցող հատվածը բնակարան գնի։
Ոչ ոք չի ասում, թե պետությունը չպետք է աջակցի մարդկանց բնակարանային խնդիրների լուծմանը։ Բայց այդ աջակցությունն էլ պետք է իմաստավորված լինի. աջակցում են նրանց, ովքեր դրա կարիքն իրականում ունեն, և ոչ թե նրանց, ովքեր բիզնես շահեր են հետապնդում ու հարստանում պետության հաշվին։
Տարվա միայն առաջին 9 ամիսներին հիպոթեքային վարկերի գծով պետական բյուջեն եկամտային հարկի տեսքով վերադարձրել է ավելի քան 25,8 մլրդ դրամ։
Սա այն գումարն է, որն ուղղված է եկամտային հարկի վերադարձով բնակարանների գնման ծրագրի ֆինանսավորմանը։
Վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս, որ ծրագրի ֆինանսավորումը տարեցտարի կտրուկ ավելանում է և ծանր բեռ դառնում բյուջեի վրա։
Անցած ամբողջ տարվա ընթացքում վերադարձվել էր 22,7 մլրդ դրամ, իսկ 2020թ.՝ 13,3 միլիարդ։
Այս տարվա 9 ամսում արդեն ավելի շատ գումար է վերադարձվել, քան 2021թ. ամբողջ տարվա ընթացքում։ Մինչև տարեվերջ այն դեռ ավելանալու է և, մոտավոր հաշվարկներով, հասնելու, գուցե նաև անցնի 35 մլրդ դրամից, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է 87-88 մլն դոլարի։
Այսինքն՝ առնվազն այդքան գումար այս տարի կառավարությունը կվճարի նրանց եկամտահարկի վերադարձի տեսքով, ովքեր հիպոթեքով բնակարան են գնել նորակառույց շենքերում։
Որքան էլ այս ծրագիրը ժամանակին ուներ զուտ սոցիալական նշանակություն, կառավարությունն այնպես արեց, որ վերջին տարիներին այն դարձել է որոշ մարդկանց համար հեշտ փող աշխատելու միջոց։ Կարիք ունեցող-չունեցողը հիպոթեքով բնակարան է գնում և օգտվում եկամտային հարկի հետվերադարձից։ Շահում են նրանք, ովքեր բարձր եկամուտներ ունեն ու կարող են իրենց թույլ տալ երբեմն մեկի տեղ՝ մի քանի բնակարան ձեռք բերել։ Նրանց թվում քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր մեծ եկամուտներ ունեն և, առանց դրա էլ, ի վիճակի են ինքնուրույն լուծել իրենց բնակարանային ապահովության խնդիրները։ Բայց կառավարությունը որոշել է, որ նրանց եկամտային հարկերը ևս պետք է վերադարձնի բյուջեի հաշվին։ Բոլորին դրել են մի կաթսայի մեջ ու բաժանում են պետության փողերը։ Չեն նայում, ունի՞ այդ մարդը նման կարիք, թե՞ չունի։
Իրական կարիքավորները չեն կարողանում օգտվել ծրագրից, իսկ ունևորները մի քանի բնակարանի տեր են դառնում՝ նաև պետության միջոցների հաշվին։
Կառավարությունը հարկ եղած դեպքում առիթը բաց չի թողնում խոսելու պետական միջոցների տնօրինման հասցեականության մասին։ Տեսնում ենք, թե ինչպես են ապահովում այդ հասցեականությունը։ Ծրագիրը բացառապես սոցիալական նշանակություն ուներ, հիմա արդեն շահառուները միայն հարուստներն են ու բարձր եկամուտներ ստացողները։ Մարդիկ, որոնց մեծ մասն առանց այդ ծրագրի էլ կարող էին լուծել իրենց բնակարանային խնդիրները։ Բայց կառավարությունը որոշել է այսպիսի առատաձեռնություն ցուցաբերել նրանց նկատմամբ։
Այս տարի արդեն 87-88 մլն դոլար պետական բյուջեից կվերադարձնեն ծրագրի շահառուներին։ Ոչինչ, որ հարյուր-հազարավոր աղքատ ու անապահով քաղաքացիներ օրվա հացի կարոտ են։ Կառավարությունը ոչինչ չի անում նրանց ինչ-որ կերպ օժանդակելու համար, փոխարենը՝ լավություն է անում հասարակության ունևոր և բարձր եկամուտներ ստացող հատվածին, բյուջեից հսկայական փողեր է վճարում, որպեսզի նրանք բնակարանների ու այլ անշարժ գույքերի տեր դառնան։
Սրանք գումարներ են, որոնք ամեն տարի ավելի ու ավելի են ծանրանում պետական բյուջեի վրա։
Առաջիկայում շատ ավելի մեծ վերադարձների հետ ենք գործ ունենալու։ Ու դա լինելու է ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ տարիներ։ Այդքան ժամանակ կառավարությունը բյուջեից հսկայական գումարներ է հետ տալու՝ որպես եկամտային հարկի վերադարձ. ամեն տարի տասնյակ-միլիարդավոր դրամներ։
Շինարարության և հատկապես բնակարանային շինարարության այն ակտիվությունը, որ տեսնում ենք Երևանում, հիմնականում եկամտային հարկի այս գումարների վերադարձի արդյունքում է տեղի ունենում։ Սակայն դեռ պետք է հաշվարկել՝ նման ձևով շինարարությունն ակտիվացնելն է ավելի ձեռնտու, թե այդ գումարներով ուղղակիորեն ենթակառուցվածքային կամ այլ ներդրումային ծրագրեր իրականացնելը։ 87-88 մլն դոլարը փոքր գումար չէ՝ խոշոր ներդրումային նախաձեռնություններ կյանքի կոչելու համար։
Դրա շրջանակներում կարող են նաև էական սոցիալական խնդիրներ լուծվել։ Էլ չասենք անվտանգության ու պաշտպանության ամրապնդման, երկրի ռազմական կարողությունների ավելացման առումով, որտեղ անելիքներ միշտ կան։ Առավել ևս՝ պատերազմից հետո։
Թվում է, թե լավ է, որ այս ծրագրով կառավարությունը խթանում է բնակարանային շինարարությունը։ Բայց դրանով իրականում հարվածի տակ է դնում անշարժ գույքի շուկան, ինչպես նաև ֆինանսական համակարգը։
Վերջին տարիներին այստեղ լուրջ ռիսկեր են կուտակվել՝ մեծ ծավալի հիպոթեքային վարկավորման պատճառով։ Չստացվի այնպես, որ հանկարծ տեղի ունենա հասարակության եկամուտների նվազում, ինչի վտանգն այսօր շատ մեծ է։
Կապված հայտնի ու անհայտ մի շարք գործոնների հետ, տնտեսության որոշ հատվածներում զբաղված քաղաքացիների եկամուտներն ավելացել են, ինչը նրանց թույլ է տվել մտնել տարբեր ֆինանսական, այդ թվում՝ նաև վարկային բեռի տակ։ Բայց ռիսկը մեծ է, որ այդ եկամուտները նույնքան արագ կարող են չեզոքանալ։ Ու այդ պարագայում շատերը կարող են կանգնել իրենց պարտավորությունները սպասարկելու խնդրի առաջ։ Դա լուրջ գլխացավանք կառաջացնի ինչպես անշարժ գույքի շուկայում, այնպես էլ հիպոթեքային վարկավորման ոլորտում։
Պատահական չեն, թերևս, Կենտրոնական բանկի անհանգստությունները։ ԿԲ-ն անշարժ գույքի շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկեր է տեսնում։ Թուլացնելու նպատակով որոշ կանխարգելիչ քայլեր, իհարկե, արվեցին, բայց արդյունքն առայժմ այնքան էլ շոշափելի չէ։ Հիպոթեքային վարկերը շարունակում են ողողել շուկա. արդեն անցնում են 780 մլրդ դրամից։ Միայն այս տարի ավելացել են 126 միլիարդով ու դեռ մեծ տեմպերով ավելանում են՝ նոր ֆինանսական բեռ դնելով նաև պետական բյուջեի վրա։
Հիպոթեքի այսպիսի ծանրաբեռնումն էլ տաքացրել է շուկան, ինչն էլ կարող է շատ վատ ավարտ ունենալ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ