Դա կարող է լինել ցանկացած պահի

Արտաքին բարենպաստ միջավայրն ու դրսից թելադրված գործոնները, կառավարության կամքից անկախ, այս տարի կարևոր դեր ունեցան Հայաստանի տնտեսության աճի համար։ Դրանք արտահայտվեցին՝ ինչպես կապիտալի, այնպես էլ՝ մարդկային հոսքերի բարձր ակտիվությամբ։

Դրսից ֆինանսական հոսքերը, միայն ֆիզիկական անձանց փոխանցումների տեսքով, ավելի քան կրկնապատկվեցին։ Տարվա առաջին 9 ամիսներին միայն բանկային համակարգով ստացվել է 3,5 մլրդ դոլարին մոտ գումար։ Շուրջ 2 միլիարդով ավելի, քան անցած տարի։ Ավելի շատ, քան երբևէ ստացվել էր։

Այս հանգամանքն էլ մեծապես նպաստեց տնտեսության որոշ ճյուղերում բարձր աճերի արձանագրմանը։

Այդպիսի աճեր գրանցվեցին մասնավորապես՝ բանկային համակարգում, ծառայությունների առանձին ճյուղերում և առևտրի ոլորտում։ Հանգամանքների բերումով՝ ռուսական շուկայից Հայաստան տեղափոխվեց նաև բիզնեսի որոշ հատված։

Արտաքին շոկի հետևանքով ավելացավ ներքին պահանջարկը, ինչն էլ նպաստեց տնտեսական բարձր աճի ձևավորմանը։

Կառավարությունն ակնկալում է, որ աճն այս տարի կլինի 11 տոկոսից ավելի։ Բայց այդ աճը մեր տնտեսության մեջ այդպես էլ կառուցվածքային էական փոփոխության չբերեց։ Այն շարունակում է հիմնված լինել սպառման վրա։

Ակնկալվող աճի գործում կառավարությունն առաջնայնությունը տվել է շինարարությանն ու ծառայություններին։ Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով մի դեպքում կանխատեսվում է՝ 16,9, մյուս դեպքում՝ 15,6 տոկոս աճ։

Շինարարության աճն այս պահին ավելի ցածր է, քան կառավարության կանխատեսումն է, իսկ ծառայություններինը՝ անհամեմատ ավելի բարձր։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, 9 ամսում արձանագրվել է շինարարության՝ 14,3, ծառայությունների՝ 27,1 տոկոս աճ։

Թե ինչի՞ց է կառավարությունը վերցրել, որ մինչև տարեվերջ շինարարության աճը կավելանա, իսկ ծառայություններինը՝ կնվազի, հայտնի չէ։ Այս պահին նման միտումներ կարծես չեն երևում, հատկապես ծառայությունների պարագայում։ Առավել ևս այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջից մարդկային հոսքերը դեպի Հայաստան կրկին ակտիվացել են։ Դա կարող է մի բան էլ լրացուցիչ խթան լինել ծառայությունների առանձին հատվածների համար։

Ամեն դեպքում կառավարությունը կանխատեսել է, որ ծառայությունների աճի տեմպը առաջիկայում աստիճանաբար կնվազի և տարեվերջին կկազմի 15,6 տոկոս։

Փաստ է, որ դրա ապահովման հիմքը դրսի գործոններն են. փող շատ է եկել ու ավելացել է ֆինանսական համակարգի միջնորդությունների ֆունկցիան։ Մարդկանց հոսքերն էլ նպաստել են հյուրանոցային ու հանրային այլ հատվածների ծառայությունների պահանջարկի ավելացմանը։

Սա է պատճառը, որ հաջորդ տարվա սպասումների առումով ռիսկերն այստեղ բավական շատ են։ Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ արտաքին միջավայրից մեր տնտեսության համար ձևավորված այս դրական միտումները կշարունակեն արտահայտվել նաև հաջորդ տարի։ Եթե նույնիսկ արտահայտվեն էլ, պարզ է, որ ազդեցություններն այլևս այնպիսին չեն կարող լինել, ինչպիսին եղավ այս տարի։

Ծառայությունների ոլորտում աճի՝ կառավարության հաջորդ տարվա ակնկալիքը 8,2 տոկոս է։

Գրեթե կրկնակի քիչ, քան կանխատեսվում է այս տարվա համար։

Հաջորդ տարվա սպասելիքներն ավելի ցածր են նաև շինարարությունից՝ 9,6 տոկոս։

Շինարարության աճը, կառավարության կանխատեսումներով, այս տարի ամենաբարձրը կլինի. ակնկալվում է 16,9 տոկոս աճ։

Հիշեցնենք, որ անցած տարի շինարարության ծավալներն ավելացել էին 3,1 տոկոսով, 2020թ.՝ նվազել էին 5,9 տոկոսով, և 2019-ին՝ աճել 6,5 տոկոսով։

Կառավարության այս տարվա սպասելիքները բավական համեստ են արդյունաբերության և հատկապես գյուղատնտեսության ոլորտներում։ Արդյունաբերության աճը գնահատված է 5 տոկոս, թեև, վերջին տվյալներով, պաշտոնական վիճակագրությունն արդյունաբերության 10 տոկոս աճ է գրանցել՝ 5 տոկոսով ավելի բարձր, քան կառավարությունը սպասում է տարեվերջին։

Հաջորդ տարվա համար էլ արդյունաբերության ոլորտի աճը գնահատվել է 5,1 տոկոս։

Կառավարությունն այս տարի աճի կանխատեսումներ ունի նաև գյուղատնտեսության մեջ։

Տարվա առաջին կեսին գյուղատնտեսությունն անկումային է եղել։ Վեց ամսվա տվյալներով, արտադրության ծավալների 5,5 տոկոս նվազում է գրանցվել։ Նվազում է եղել ինչպես՝ առաջին եռամսյակում, այնպես էլ՝ երկրորդում։ Ընդ որում, երկրորդում ավելի մեծ տեմպով։ Ինը ամսվա տվյալներով, գյուղատնտեսությունը պահպանել է անկումը, բայց տեմպը փոքրացել է։ Այն կազմել է 0,7 տոկոս։

Չնայած դրան, կառավարությունը հույս ունի, որ գյուղատնտեսության ոլորտում տարին կփակվի ոչ բարձր, բայց գոնե 2,2 տոկոս աճով՝ նախորդ տարվա 0,6 տոկոս նվազումից հետո։ Թեև գյուղատնտեսության նվազումը միայն նախորդ տարվանով չէ, որ սահմանափակվում է։ 2020թ. անկումը կազմել էր՝ 3,7, 2019թ. էլ՝ 5,8 տոկոս։

Եթե այս տարի նույնիսկ իրականանա կառավարության կանխատեսումը, միևնույն է, վերջին 4 տարվա կտրվածքով, գյուղատնտեսության ոլորտի անկումը կշարունակի պահպանվել։ Միջին տարեկան այն կկազմի 2 տոկոս։

Հաջորդ տարվա համար կառավարությունը շարունակում է թիրախավորել 7 տոկոս տնտեսական աճ։ Բայց դրա ամրագրումը հիմնված է ոչ այնքան՝ տնտեսական իրողությունների, որքան՝ կառավարության գործունեության հնգամյա ծրագրի վրա, որտեղ տարեկան առնվազն 7 տոկոսանոց աճի ապահովման խոստում է տվել։ Ու այս անգամ ևս որոշել են հաջորդ տարվա բյուջեում դնել 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ։ Դրան էլ համապատասխանեցրել են տնտեսության մյուս ոլորտների ակնկալիքները, որոնք հիմնավորված չեն տնտեսական իրողություններով։

Ինչպես արտաքին հատվածից, այնպես էլ ներքին տնտեսական ու քաղաքական միջավայրից եկող ազդեցությունների առումով այսօր չափազանց անորոշ իրավիճակ է։ Ավելի շատ են ռիսկերը, քան ակնկալիքները։ Բոլորն էլ հասկանում են, որ այս տարվա աճերը մեկ կոնկրետ երևույթի հետ են կապված և ժամանակավոր բնույթ են կրում։ Երբ ավարտվի այդ երևույթի ազդեցությունը, այդ ժամանակ տնտեսության անիվը կսկսի հետ պտտվել։ Դա կարող է լինել ցանկացած պահի։ Ու այդ ժամանակ, անկախ նրանից, թե ինչ ակնկալիքներ կունենա կառավարությունը, ինչպես տնտեսությունը, այնպես էլ ֆինանսական համակարգը կարող են կանգնել շատ լուրջ խնդիրների առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս