«Ես դաշնակցական եմ, թքած ունեմ թե իրենց շնորհած անազատության, թե ազատության վրա». Գերասիմ Վարդանյան

Երեկ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանել է ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել 10 միլիոն ՀՀ դրամ գրավով։

Այսօր Գերասիմ Վարդանյանն ազատ արձակվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:

«Սա քաղաքական հետապնդում է, շոու, իրենց հորինած: Ի պատիվ դատավորի, որն այն քիչ դատավորներից էր, որն իր մեջ  կարողացավ ուժ ու համարձակություն գտնել արդար որոշում կայացնելու համար, հիմա ազատության մեջ եմ: Ասել եմ ու կրկին ասում եմ՝ ես դաշնակցական եմ, թքած ունեմ թե իրենց կողմից շնորհված անազատության, թե ազատության վրա: Մեզ համար ամենակարևորը մեր հայրենիքի ազատությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գերասիմ Վարդանյանը:

Վերջինս շեշտեց՝ որտեղ էլ լինի, այս պայքարը շարունակելու է, իրենք ընկերներով որոշում են կայացրել, և այդ որոշումը պետք է կատարվի:

Կարդացեք նաև

«Մեր հայրենիքը պետք է ազատ տեսնենք»,- ասաց Գերասիմ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ դաշնակցական գործիչը կալանավորված էր 2022թ. մայիսի 12-ից: Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս