
Էրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ թուրքական երկրորդ ատոմակայանի կառուցման շուրջ զրույցից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ թուրքական երկրորդ ատոմակայանի կառուցման վերաբերյալ զրույցից և հայտարարել, որ ինքը չի բացառում, որ այն հզորությամբ կարող է գերազանցել «Աքքույու» ատոմակայանին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Առաջիկա 2-3 տարում Մերսինի «Աքքույու» ատոմակայանի շահագործման հանձնմամբ Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը կամրապնդվի։ Բացի այդ, պարոն Պուտինի հետ քննարկել եմ Սինոպի երկրորդ ատոմակայանի թեման։ Հույս ունեմ, որ այնտեղ էլ կկառուցվի 4 ռեակտորով ատոմակայան։ Չեմ բացառում, որ այն հզորությամբ գերազանցի «Աքքույու»-ին: Երբ այս հարցը նույնպես լուծվի, Թուրքիայի համար էներգակիրների խնդիրը հիմնականում կվերանա, և մենք հեշտությամբ կկարողանանք սկսել էլեկտրաէներգիայի արտահանումը»,- ասել է Էրդողանը։