
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

ԿԺԴՀ-ն նոյեմբերի 17-ին փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն:
Կոմիտեի տվյալներով՝ արձակումն իրականացվել է տեղական ժամանակով 10:48-ին (Երեւանի ժամանակով 05:48-ին) Կանվոնդոյի նահանգի Վոնսան քաղաքի շրջանից: Հրթիռը թռել է շուրջ 240 կիլոմետր՝ մոտավորապես 45 կիլոմետր առավելագույն բարձրությամբ, իսկ արագությունը հասել է 4 Մախի:
Անցյալ անգամ ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի կողմը բալիստիկ հրթիռի արաձակում էր իրականացրել նոյեմբերի 9-ին: Շտաբների պետերի կոմիտեն տեղեկացրել է, որ արձակումից ոչ շատ առաջ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան անցկացրել են հակահրթիռային պաշտպանության «պլանավորված» վարժանքներ, որոնց ներգրավվել են Aegis համալիրներով հանդերձված Էսկադրային ականակիրներ:
Գործակալության տեղեկատվությամբ՝ արձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ի ԱԳՆ ղեկավարը խիստ պատասխան է խոստացել ԱՄՆ-ի ընդլայնված դիմադարձման ամրապնդմանը եւ Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների ռազմական ակտվությանը տարածաշրջանում: